Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: Այս մասին Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկման ժամանակ հայտարարել է տեսակապով միացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը եւ նրա բնականոն գործունեության ապահովմանը: Դրա համար մի նախապայման ենք տեսնում, ՀՀ քաղաքացին պետք է լինի բարձրագույն իշխանություն կրողը»,-ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ով լինի կառավարությունը եւ ով դադարի լինել կառավարություն: Սա է մեր ընթացիկ քաղաքական պրոցեսի առանցքային դիսկուրսը: Սա ամբողջական ծրագիր չէ Հայաստանի ապագայի կերտման համար, բայց նաեւ մոդելի ընտրության կարեւոր մեթոդ է»:
Փաշինյանի խոսքով, Հայաստանի սխալ ընթացքն սկսվել է այն ժամանակ, երբ սկսել է կիրառվել ընտրությունների կեղծման համակարգը, հետեւաբար նոր ձեւավորված կառավարության առաջնային խնդիրն է վերականգնել ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությունների ինստիտուտը, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրվեն որեւէ մեկի կողմից:
Հարցին, թե ինչպես կարելի է շարունակել քաղաքացիների ներգրաված պահել քաղաքական գործընթացների մեջ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո մենք քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չունենք, ամենակարեւորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար»:
Ինչ վերաբերում է Սփյուռքին, վարչապետը նշել է, որ այստեղ ներգրավվածության խնդիրը երբեմն Մայր օրենքում ամրագրված դրույթներով է պայմանավորվում. «Սահմանադրությամբ ասվում է, որ օրինակ նախարար կարող է նշանակվել այն մարդը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում: Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները եւ այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը հնարավորություն ունենանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործում»,-ընդգծել է Փաշինյանը: