ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտահոգված չէ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ կոռուպցիոն բացահայտումների մասին հայտարարության առիթով: Այս մասին Էդուարդ Շարմազանովը հայտարարել է այսօր՝ մայիսի 22-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Եթե ԱԱԾ տնօրենը մի բան ասում է, ուրեմն գիտի՝ ինչ է ասում: Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որեւէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որեւէ ներկրման եւ արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսներն ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ»,- նշել է նա
Ւնչ վերաբերում է ՀՀԿ-ականների մասնակցությամբ հնարավոր չարաշահումների բացահայտմանը. ասել է՝ իր համար արտոնյալներ չկան:
Դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովը պատասխանել է. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել՝ Պողոսն է մեղավոր, թե՞ Պետրոսը»: