«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը՝ Արեգունին (Ծրագրավորող), լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց, որ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը սկսվել է այս տարվա փետրվարից, և նպատակ էր շեշտադրում անել ոչ միայն Ամուլսարի հանքի կործանարար գործունեության վրա, այլև առհասարակ մետաղական հանքերի կողմից մեր բնությանը, կենսաբազմազանությանը հասցվող վնասների:
Մերի Սերոբյանը (Իրավաբան), խոսելով Լիդիան Արմենիա-ի գործունեությունից և այն հետազոտություններից, ուսումնասիրություններից, եզրակացություններից, որ արվել և տրվել են ընկերությանը, փաստում է, որ այդ բոլոր փաստաթղթերը կարծես անտեսվել են:
Ինչի՞ց որոշվեց, որ այս ամենը վտանգավոր չէ: Մնում է հարց:
Ըստ բանախոսի՝ Բնապահպանության նախկին նախարարը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Մեր լիազորությունները սահմանափակ էին, մենք չէինք կարող այնչափ լայնածավալ հետազոտություններ իրականացնել, ինչպիսին կարող էր իրականացնել ինքը Լիդիանը»: Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը միայն այն եզրակացություններն է ներկայացնում, որոնք շահավետ են իրեն, և չեն պատկերում այն լուրջ վնասները, որոնք կարող են տրվել շրջակա միջավայրին, բնությանը և այլն:
Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց: Այն մեկնարկեց Մաշտոցի պուրակից, և մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով:
ՀՀ նախագահը ակցիայի մասնակիցներին խոստացավ իրենց նամակին շատ արագ պատասխանել:
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների ակցիան ավարտվեց պարով, որին միացավ նաև նախագահ Արմեն Սարգսյանը:


