Կառավարության այսօրվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարակական տվեց ստուգումներ անցկացնել մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող թվով 28 կազմակերպություններում: Նա նշեց, որ այդ մասին իրեն խնդրել է բնապահպանության նախարարությունը:
Փաշինյանի խոսքով, ստուգումները պետք է անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությանն ուղղված վտանգների հայտնաբերման ու վերացման համար:
«Մեր խնդիրը հստակ է, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, եւ այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա: Կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական ոլորտի մասնագետներ, նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սա չպետք է լինի հերթապահ ստուգում, պետք է լինեն հստակ արդյունքներ, սա այն տեղը չէ, որ կարող են լինել փոխզիջումներ», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց նաեւ, որ դա չի նշանակում, որ ընթերքը փակում են. «Մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք եւ չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձեւով»: