Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Արտակ Մաթևոսի Դավթյան (ծնվել է 1970 թ., գ. Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-մայոր (2010), 2018 թվականի մայիսի 24-ից ՀՀ վարչապետի նշանակմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
2017թ. սեպտեմբերի 28-ին նշանակվել է պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար։
Գեներալ-մայոր (2010):
Պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով (2011), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2015), Արիության մեդալով, ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալով, ՀՀ ՊՆ Ոսկե մեդալով։
Ամուսնացած է, ունի 3 որդի։