Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Սերգեյ Բաղդասարյանի գործի դատավարությունը: Այս մասին գրոմ է «Ժամանակ» թերթը:

Ըստ դատավճռի` 2012թ. օգոստոսի 10-ի գիշերը Հադրութի շրջվարչակազմում աշխատող 27-ամյա Սերգեյ Բաղդասարյանը ընկերոջ` Միքայելի հետ գնացել են Երևանում գտնվող «Ալեն-Էլեն» ակումբ:

Այնտեղ ծանոթացել են երկու աղջիկների հետ, ովքեր բացի Սերգեյից և Միքայելից, ակումբում ծանոթացել են նաև Արմեն Դավթյանի հետ: Ակումբի փակվելու ժամանակ Սերգեյն ու Միքայելն աղջիկներին առաջարկել են մեկ այլ վայրում շարունակել զվարճանքը, ինչին նրանք չեն համաձայնել: Արմեն Դավթյանը Սերգեյին խոստացել է, որ աղջիկներին կտանի այլ տեղ, կզանգի նրան և նրանք էլ կարող են հետո միանալ իրենց: Այդպես էլ եղել է: Սակայն աղջիկները շարունակել են պնդել, որ Սերգեյի և նրա ընկերոջ հետ որևէ տեղ գնալ չեն ուզում:

Այնուհետև Սերգեյի և Արմենի միջև սկսվել է հակամարտություն` աղջիկների հետ կապված: Սերգեյը կարծել է, թե աղջիկների` իրեն մերժելու պատճառը հենց Արմենն է: Արդյունքում տղաները կռվել են և Սերգեյը գլխով հարվածել է Արմենի դեմքին:

Ու չնայած որ շրջակայքում կանգնած են եղել տաքսիներ, այդ թվում` նրանց տեղափոխած տաքսին, ոչ մեկը չի միջամտել:

Սերգեյն սկսել է քաշել աղջիկների ձեռքերից դեպի իրենց սպասող տաքսին, որ գնան ուրախանալու, սակայն աղջիկները շարունակել են պնդել, որ որևէ տեղ գնալու ցանկություն չունեն:

Ոստիկանություն ահազանգել է ծեծված Արմեն Դավթյանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բոլորին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Նախաքննական մարմինը Սերգեյ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Դատաքննության ընթացքում Ս.Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը մեղադրողի որոշմամբ փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել` խուլիգանության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով:

Ս.Բաղդասարյանը, դատարանի դատավճռով, դատապարտվել է ազատազրկման` 9 ամիս ժամկետով: