Lragir.am-ը գրումը է.
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ներկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին՝ նախարարն ասել է. «Մեր բոլորի հույսն է, որ ԼՂ խնդրի կարգավորումը լինի շատ շուտով: Բայց այդ կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր նպատակները, մեր ձգտումները։ Երբ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, դրա հիմքում առաջին հերթին մեր շահերի ու նպատակներն են, Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը»:
Հարցին, թե արդյոք Փաշինյանի ու Ալիեւի, կամ արտգործնախարարների հանդիպում ծրագրված է, Մնացականյանը բացասական պատասխան է տվել:
Հայաստանը բաց հայտարարում է բանակցություններում իր նոր դիրքորոշման մասին՝ առաջին պլան մղելով Արցախի մասնակցությունը բանակցություններին, նրա շահերը, ինչպես նաեւ Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը: Ադրբեջանում մերժում են այդ պայմանները:
«Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ներգրավելու Հայաստանի ղեկավարության ցանկությունը նշանակում է, որ Երեւանը ցանկանում է վերջ դնել խաղաղ գործընթացին», - լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, այս հարցը քննարկել է վերջերս Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը:
Իրատես փորձագետներն ասում են, որ նախքան Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը եւ նոր իշխանության ձեւավորումը ղարաբաղյան հարցում պետք չէ տեղաշարժերի ու անգամ բանակցությունների սպասել:
Փորձագետները ենթադրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակելու են բանակցությունների ծույլ իմիտացիան եւ սպառազինությունների մրցավազքը՝ անցնելով հեռահար զինատեսակների:
ԱՄՆ-ն մտադի՞ր է ղարաբաղյան կարգավորման տարբերակ առաջարկել: Դատելով Թրամփի հայտարարությունից՝ Վաշինգտոնը մոտակա ամիսներին կարող է որոշ տարբերակներ առաջարկել: Փորձագետները չեն բացառում նաեւ Փարիզի նախաձեռնությունը:
Մոսկվան սպասողական դիրք է գրավել: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել չմրցել նախաձեռնություններով. «Ցանկություն չկա ինչ–որ ջութակ լինել ըստ համարի: Կա ցանկություն մոտեցնել կարգավորումն այն ձևերով, որոնք ճանաչվել են քաղաքակիրթ և իսկապես համարվում են արդյունավետ»:
Մինչդեռ, ներկայում ամենաակտուալը շարունակում է մնալ Նախիջեւանի թեման: Հայ ռազմական փորձագետները նշում են, որ ադրբեջանական ուժերը Հայաստանի հետ սահմանային հատվածում ամրացնում են ինժեներական կառույցները: Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ Ադրբեջանն ակտիվորեն կրճատում է չեզոք գոտին: Դիրքերը մոտենում են, խրամատների միջեւ հեռավորություն գրեթե չի մնում: Հեռահար պատերազմի դեպքում չեզոք գոտին կորցնում է իմաստը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am