<<Փախի՛ր կնոջիցդ>> ներկայացումը գրավել է հասարակության ուշադրությունը, շատերն են անհամբեր սպասում հունիսի 17-ին Գլենդելում տեղի ունենալիք ներկայացման պրեմիերային։
YerevanNews.am-ի զրուցակիցը ներկայացման գլխավոր դերակատար ու ռեժիսոր Դավիթ Թադևոսյանն է, ով անդրադառնալով իր կերպարին՝ ասաց, որ ունի երկու կին, միառժամանակ երկուսի հետ էլ ամուսնացած է: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա:
Օրերից մի օր տեղի է ունենում մի միջադեպ, որից էլ բացվում է գաղտնիքը: Եվ ամեն կերպ փորձում է ջրից չոր դուրս գալ:
Դավիթը մեզ հետ զրույցում նշեց, որ իր կերպարին նման չէ իրականում ոչ մի հատկանիշով։ Ներկայացման հետ կապված մեր զրուցակիցը նշեց, որ շատ չի ցանկանում փակագծերը բացել, բայց հանդիսատեսին հետաքրքիր ժամանց է սպասվում։
Եվ անդրադառնալով հայ հանդիսատեսի և ամերիկաբնակ հանդիսատեսի տարբերությանը՝ ռեժիսորը նշեց․
<<Ճիշտն ասած, ես մի անգամ եմ բախտ ունեցել ներկայանալ ամերիկաբնակ հանդիսատեսին: Չեմ կարծում, որ մեծ առումով տարբերություն կա, որովհետև մենք՝ բոլորս էլ թատերասեր ժողովուրդ ենք և կապ չունի, թե որտեղ կլինենք՝ Ամերիկայում, թե՞ Հայաստանում, միևնույնն է, թատրոն սիրում ենք ու հաճախում>>: