ՊԵԿ-ը խոշոր հարկ վճարող ընկերություններին զգուշացրել է վերադառնալ օրենքի դաշտ եւ տրամադրել ՀԴՄ կտրոնները, ինչպես պահանջում է օրենքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումներին, Դավիթ Անանյանն ասաց. «ՊԵԿ-ը չի մասնակցում համատեղ ստուգումներին, մենք մեր գործառույթը ունենք: Երեկ հանդիպում ենք ունեցել ցանցային առեւտրով զբաղվող կազմակերպությունների պատասխանատուների հետ՝ շուրջ 10-12 հոգու: Այն համաձայնությունները, որոնք իրենք ձեռք են բերել նախկին ղեկավարության հետ մինչեւ կառավարության մակարդակ, մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, եւ շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ–ների տրամադրման: Մենք մի քանի օր ժամանակ ենք տվել, որ ծրագրային խնդիրները կազմակերպեն եւ անցնեն առաջ։ ԱԱԾ մեր գործընկերներին մենք տեղեկանքով տեղեկացրել ենք, թե նախկինում ինչ պայամանավորվածությունների մասին է խոսքը»:
Անանյանը նշեց, որ «Երեւան Սիթին», ՍԱՍ–ը կամ ասենք «Նոր Զովքը» քանի որ խոշոր հարկ վճարող են, այսինքն շրջանառության հարկ չեն վճարում, ԱԱՀ դաշտում են. «Պարզ տրամաբանությամբ, եթե գյուղացուց 1000 դրամով առավ գյուղմթերք, 100 դրամ դրեց իր վերադիրը, 20 տոկոս պետք է ավելացնի եւ 1320 դրամով վաճառի, ինքը քանի որ ձեռք բերողից փաստաթուղթ չունի եւ ձեռք բերողը ԱԱՀ չի վճարում, դա հավասարափաչ չի բաշխվում տնտեսվարողների միջեւ: Դրա համար առաջարկել են, որ գյուղմթերքի վաճառքը ԱՁ–ով լինի, որ 5 տոկոս վճարեն 20-ի փոխարեն, դա մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենքի շրջանակներում չէ։ Երբ ես Ֆինանսների նախարարությունում էի աշխատում, մենք առաջարկում էինք, որ գյուղատնտեսության ոլորտը 10 տոկոս ԱԱՀ դաշտ մտնի եւ հաշվանցման իրավունք ունենա, այդ ժամանակ հարկային բեռը հավասար կբաշխվի»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը: