Խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012թ․ տարեկան հաշվետվության քննարկման ավարտին եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը։
Նա անդրադարձավ պատգամավորների գրեթե բոլոր դիտարկումներին, որոնք առնչվում էին ՎՊ զեկույցին։
Ի. Զաքարյանի խոսքով՝ ՎՊ-ն շատ հստակ ասում է՝ վերահսկողությամբ դեռևս բացահայտվում են հակամրցակցային, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային գնման գործընթացներ։ Բայց սա, ըստ նրա, չի նշանակում, որ այդ երևույթները համատարած են։
ՎՊ նախագահը վստահեցրեց, որ նախարարներից շատերը շահագրգռված են այդ թերությունները վերացնելու ուղղությամբ։ «Ի՞նչ է ասել կառավարությունը, որի հետ ՎՊ-ն համաձայն չէ։ Մենք ասում ենք՝ գնումների համակարգում կան լուրջ խնդիրներ։ Ուրբաթ օրն աշխատանքային հանդիպում եմ ունեցել վարչապետի հետ՝ գնման գործընթացի խնդիրների հետ կապված։ Ես այսօր դեռևս չեմ կարող պնդել, որ ամեն ինչ շտկված է, ամեն ինչ լավ է, բայց չեմ էլ կարող ասել, որ ամեն ինչ շատ վատ է»,- ասաց Ի․Զաքարյանը։
Նա հայտարարեց, որ իրենք կողմ են օրենսդրական փոփոխություններին, եթե այն գործին օգուտ կբերի։ Ի․Զաքարյանը նշեց, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում, եթե իսկապես ՎՊ գործառույթներն ուժեղացվեն և ընդլայնվեն։
ՎՊ նախագահը հայտարարեց, որ ՎՊ-կառավարություն փոխհարաբերությունները գործընկերային են, և ՎՊ-ն մշտապես իր առաջարկները ներկայացնում է կառավարությանը։ «Խնդիրներ դեռևս կան, իհարկե, գուցե մեր առաջարկությունները շատ լավը չեն, բայց մենք երբեք չենք փորձել սևը սպիտակ դարձնել կամ լավը չտեսնել»,- ընդգծեց նա։
Ի․ Զաքարյանը հիշեցրեց, որ իրենց վերահսկողության ուղղությունները երեքն են, ինչպես հանձնարարել է ՀՀ նախագահը՝ շինարարություն, գնումների գործընթաց, սոցիալական ոլորտ։ Նա հայտնեց, որ սոցիալական ոլորտում խնդիրները կարգավորվել են, և, ըստ նրա, կամքը կա իրավիճակը շտկելու նաև մյուս երկու ոլորտներում։
«ՎՊ-ն, սակայն, միայնակ չի կարող դա անել, Աժ-ն պիտի օգնի, և ես պատրաստակամ եմ, որ միասին լուծենք այդ խնդիրները»,- ասաց ՎՊ նախագահը։
Իշխան Զաքարյանը պաշտոնապես հայտարարեց, որ դատախազության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել, ինչպես պնդում էր Գագիկ Ջհանգիրյանը։ Նա տեղեկացրեց, որ ՎՊ-ն այս տարիներին դատախազություն ուղարկել է երեսուն գործ և բոլորի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ «Ինչո՞ւ ՎՊ-ն ավելի շատ գործեր չի ուղարկում դատախազություն։ Այո, ընդունում եմ, բայց Վերահսկիչ պալատը կշտկի իր սխալը։ ՎՊ խորհուրդն է որոշում՝ գործն ուղարկել դատախազություն, թե ոչ։ Մենք այսուհետ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, թող որևէ մեկը չկասկածի։ Այո, ժամանակն է արդեն ավելի խիստ մոտեցումներ ցուցաբերել այն կառույցների, անհատների նկատմամբ, ովքեր սխալ պատկերացում ունեն պետբյուջեի ծախսերի վերաբերյալ»,- եզրափակեց ՎՊ նախագահը։