Ես Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկի) հետ ընդհանրապես կապ չունեմ, ընդհանրապես շփված չկամ։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Ինձ հայտնել են, որ նր վիճակը շատ ծանր է, ամեն ինչ հապճեպ է եղել, ես ստորագրել եմ երաշխավորագիրը հիվանդության հետ կապված» Բայց եթե իմանայի որ հանրային լայն հնչեղություն կստանա, ես չէի անի»,-նշեց նա։

Պատգամավորը նաեւ նկատեց, որ այդ քայլն ունի իր հիմքերը․ «Ես կալանավոր եմ եղել, այդ տարիներին մեծ խոչընդոտներ են եղել կալանավայրերում։ Հիվանդ մարդիկ, որոնք քաղաքացիական հիվանդանոցներում պետք է բուժվեին, պրոբլեմ է եղել, շատ անգամ ես եմ միջնորդել, որ այդ «կարգին» մարդկանց տանեն հիվանդանոցներ բուժման համար, շատ դեպքերում չեն տարել մարդիկ մահացել են կալանավայրերում»,-պատմեց նա։

Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի 10 պատգամավորներ դատարան անձնական երաշխավորություն էին ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) համար: Երաշխավորագիրը ստորագրողներից մեկն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է, մյուս 9 պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են ՝ Արարատ Զուրաբյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Վահան Հայրապետյան, Դավիթ Մանուկյան, Հրանտ Մադաթյան, Մերուժան Սիմոնյան, Տիգրան Ստեփանյան, Արայիկ Աղաբաբյան: