Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները վաղ առավոտից փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը: Նրանք պահանջում են թույլ տալ իրենց աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, իրենք զրկվել են բոլոր տեսակի հողերից՝ այգիներից, վարելահողերից, հոտհարքներից, դրանից բխող ամեն ինչից՝ անասուններից, անտառներից, որտեղից հավաքում էինք հատապտուղ, սունկ, ու հիմա իրենց ազատել են աշխատանքից:
«Մեզ ստիպել են այդ հողերը տալ՝ սպառնալով աշխատանքի չընդունել այն ընտանիքների անդամներին, որոնք իրենց ասածը չեն անում: Իմ ընտանիքը հողերը չտվեց, բայց նրանք դատարանի միջոցով խլեցին մեր հողերը եւ հիմնեցին այս ընկերությունը: Այս ընկերության ակունքներում կանգնած են Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները, որոնք աշխատել են այդտեղ 25 հազար դրամ աշխատավարձով: Նրանք հույս են ներշնչել գյուղացիներին, որ 50 տարի շարունակ կարող ենք աշխատել ձեռնարկությունում: Բայց հիմա ընկերությունը կանգնել է կրախի առջեւ, պահում են միայն 390 աշխատակից, որից միայն 34-ն է թեղուտեցի, 69-ն էլ՝ շնողեցի»,-ասաց ցուցարար կանանցից մեկը:
Նա հավելեց, որ իրենց պահանջն է առաջնահերթ կարգով հիմնարկում պետք է աշխատեն այս երկու գյուղերի բնակիչները: «Մենք վարկեր ենք վերցրել, բայց մեր մասին ոչ ոք չի մտածում: Ինչու պետք է մեզնից խլված հողի վրա աշխատել ուրիշները: Ճանապարհը փակ կպահենք մինչեւ մեր հարցերին սպառիչ պատասխան չհնչի:
Եթե իմանայինք, որ աշխատանք չենք ունենալու, մենք մեր հողերը չէինք տա: Իրենք խոստացել են, որ 50 տարի պետք է աշխատենք իրենց մոտ: Գետերն աղտոտեցին, անտառը կտրեցին, օդը կեղտոտեցին, լռեցինք, իսկ հիմա մնացել ենք առանց աշխատանքի»,- նշեցին նրանք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա փետրվարին «Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հաղորդագրության համաձայն, Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 1190-ից կնվազի մինչեւ 300-ի: «Տեւական կանգառի պայմաններում Ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով»,-ասված է ընկերության հայտարարության մեջ: