Հունիսի 10-ի երեկոյան Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայողի սպանությունը Բաքվի հերթական սադրանքն է՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հայտարարությունում ասվում է.
«Երեկ երեկոյան Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին եւ ծառայակիցներին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը եւ լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։
Տվյալ միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է 1994-1995թթ․ զինադադարի հաստատման եւ ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017թթ․ գագաթաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձեւավորումն է։ Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում։
Սույն սադրանքի հնարավոր բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը: Նա վիրավորումն ստացել էր կրծքավանդակի շրջանում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: