Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ժոզե Մոուրինիոյի և Արսեն Վենգերի հետ համատեղ աշխատանքի մասին։ Հայ ֆուտբոլիստն անդրադարձել է նաև Ունաի Էմերիին, որի գլխավորությամբ խաղալու է։
«Հանդերձարանում տեղի ունեցած խոսակցությունները պետք է մնան այնտեղ։ Իմ և Մոուրինիոյի միջև տեղի ունեցածն արդեն անցյալում է։ Այդ պատմությունն ինձ շատ բան սովորեցրեց, ես պետքական փորձ ձեռք բերեցի։ Ես «Մանչեսթեր Յունայթեդում» երբեք չեմ հանձնվել․ միշտ պայքարել եմ ու փորձել աճ գրանցել։ Փորձում էի ապացուցել, որ լավագույններից մեկն եմ։ Ես այն ֆուտբոլիստների շարքում չեմ, որոնք մեղքը գցում են մարզիչի վրա։
Հարձակողական ֆուտբոլը դուր է գալիս յուրաքանչյուր ֆուտբոլիստի։ Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակ այլ էր, հիմա «Մանչեսթեր Յունայթեդի» ուրիշ ֆուտբոլ է խաղում։ Խաղացողները պետք է հաշտվեն այդ մտքի հետ։ Դու պետք է կատարես մարզիչի ցուցումները։
Արսեն Վենգերն ինձ շալ լավ ընդունեց։ Նա ինձ ցանկանում էր իր թիմում տեսնել դեռ 2 տարի առաջ, սակայն այն ժամանակ չստացվեց։ «Արսենալում» բոլորն ինձ լավ են վերաբերվում։
Վենգերի հեռանալը անակնկալ էր բոլորիս համար։ Երևի, արդեն ժամանակն էր։ Շատ ցավալի էր տեսնել, թե ինչպես է հեռանում մի մարդ, որը ակումբը գլխավորել է 22 տարի, նա լեգենդ է։ Բայց յուրաքանչյուր պատմություն ունի ավարտ։
Ունաի Էմերիի հետ երբեք չեմ հանդիպել, այժմ սպասում եմ նոր հնարավորությունների։ Չգիտեի, որ Էմերին ցանկացել է ինձ տեսնել ՊՍԺ-ում։ Դա այն մարդն է, որը «Սևիլիայի» հետ հաղթեց Եվրոպայի լիգան։ Նա ևս 4 տիտղոս էլ նվաճեց ՊՍԺ-ի հետ։ Ըստ խոսակցությունների՝ ՊՍԺ-ն Ֆրանսիայում այնքան զորեղ է, որ մարզիչի գործոնը այդքան էլ կարևոր չէ։ Բայց տիտղոսները պետք է նվաճել։ Էմերիի մասին լսել եմ միայն դրականը։ Միանշանակ պատրաստ եմ համատեղ աշխատանքին։
Ամենամեծ ակումբները երբեմն հետընթաց են ունենում։ Դժվար պահերն անխուսափելի են։ Մենք դասեր կքաղենք անցած մրցաշրջանի անհաջողություններից և Եվրոպայի լիգայից կվերադառնանք Չեմպիոնների լիգա»,- Մխիթարյանի խոսքն է փոխանցում kommersant.ru-ն։
Հիշեցնենք, որ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում 46-ամյա Ունաի Էմերին փոխարինեց Արսեն Վենգերին, որը ակումբը գլխավորում էր անցած 22 տարիների ընթացքում։