Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար Ա.Մխոյանին առաջադրված մեղադրանքները:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, ըստ դատավճռի` Ա.Մխոյանը 2012թ. փետրվարի սկզբներին սոցիալական կայքերի օգտատերերի մուտքանունների և ծածկագրերի ապօրինի ձեռքբերման կամ պատճենահանման համար պատրաստված համակարգչային հատուկ վնասաբեր ծրագրի օգտագործմամբ տիրացել է «Odnoklassniki.ru» կայքի մի քանի օգտատերերի անհատական էջերին:

Մասնավորապես` անվճար խաղային միավորներ «Ok» տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող առաջարկ պարունակող հղումը օգտատիրոջ անհատական էջին ուղարկելու և վնասաբեր ծրագրի միջոցով օգտատիրոջն առաջարկել է կայք-էջի համապատասխան հատվածում լրացնել անհատական էջ մուտք գործելու մուտքանունն ու ծածկագիրը:

Օգտատերերը, գտնվելով մոլորության մեջ, իրենց էջերի տվյալները մուտքագրել են, որից հետո դրանք պատճենահանվել և անմիջապես փոխանցվել են Ա.Մխոյանի կողմից օգտագործվող վնասաբեր ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող ծրագրային ֆայլին: Արդյունքում` Ա.Մխոյանն ապօրինի տիրացել է օգտատերերի անհատական էջերին` նրանց զրկելով իրենց էջերից օգտվելու հնարավորությունից:

Բացի այդ, առանց թույլտվության` գաղտնագրի կռահմամբ, ներթափանցելով օգտատերերից մեկի անհատական էջ, փոխելով պաշտպանիչ տվյալները` տիրացել է օգտատիրոջ անհատական էջին: Այնուհետև այն վերադարձնելու համար օգտատիրոջից պահանջել և 2012թ. հուլիսի 13-ին նույն անհատական էջի միջոցով ստացել է հեռախոսի լիցքավորման քարտերի թվային տվյալներ:

Ա.Մխոյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա դատարանը 2013թ. հունիսի 6-ի դատավճռով Ա.Մխոյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ և 256-րդ հոդվածների 1-ին մասերով:


Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: