Հունիսի 18-19-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն, դեսպան Ուիլյամ Լեյսի Սվինգի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ժնեւում մասնակցում է «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)ե շրջանակներում կայացող  Սփյուռքի նախարարների համաժողովին:

Համաժողովին մասնակցում են Միգրացիայի միջազգային կազմակերպության անդամ եւ դիտորդ պետությունները, միջկառավարական եւ հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ գիտահետազոտական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների  ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում նախարարները քննարկեցին սփյուռքի հետ տարվող քաղաքականությանն ու ծրագրերին վերաբերող հարցեր, ծանոթացան ոլորտում կուտակված դրական փորձին, սփյուռքի եւ միգրացիայի հարցերով զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացրեցին Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:

Ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես անդրադարձել է սփյուռքի եւ հայրենիքի միջեւ անխզելի կապի կարեւորությանը, ինչպես նաեւ սփյուռքների՝ հայրենիքի եւ բնակության երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում նրանց ներգրավվածության ընդլայնմանը:

«Մենք ընդունում ենք, որ Սփյուռքը մեր ժամանակների երեւույթ է եւ որ այն պարզապես ընդհանուր պատմությամբ սփռված մարդկանց կամ համայնքների հավաքականություն չէ: Սփյուռքը մեծ ներուժ ունի տվյալ երկրում ու ամբողջ աշխարհում եւ, հուսով եմ, որ այս համաժողովը կլինի միջազգային մակարդակով Սփյուռքներին վերաբերող հարցերի լուծման համար սկզբնակետ», - նշել է ՀՀ սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կարեւորել է ՄԱԿ-ի մակարդակով «Սփյուռքե տերմինը սահմանելու հարցը: Նախարարն առաջարկել է ՄԱԿ-ի կողմից ստեղծել աշխատանքային խումբ՝ ընդգծելով սփյուռքների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիա կամ հայտարարություն ընդունելու անհրաժեշտությունը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոսել է նաեւ հայերի հանդեպ 20-րդ դարասկզբին իրականացված Ցեղասպանության, հարյուր տարվա պատմական հիշողության, ինչպես նաեւ իրավունքների վերականգնման եւ արդարության հաստատման համար մղվող շարունակական պայքարի մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել եւ դատապարտել հայերի հանդեպ կատարված ոճիրը, որը նաեւ ոճիր է մարդկության դեմ՝ ապագայում նման հանցանքներից խուսափելու համար:

«Այսօր Սիրիայում քաղաքական անկայունության պատճառով Սիրիայի հայերը ստիպված են թողնել իրենց տները եւ նորից դառնալ փախստական: Ես կոչ եմ անում ամբողջ միջազգային հանրությանը՝ վերջ դնել ագրեսիային եւ բռնություններին, ձեռնարկել հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված անհրաժեշտ միջոցները՝ ապագայում մարդկային ողբերգությունները կանխարգելելու համար», - նշել ՀՀ սփյուռքի նախարարը:

Մինչ այդ՝ 2011թ. մայիսի 26-ին, Երեւանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ արդեն իսկ կազմակերպվել էր «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհումե միջազգային երկօրյա համաժողովը, որին մասնակցել են Սփյուռք ունեցող 12 երկրների (Հայաստան, Հունգարիա, Հունաստան, Ավստրիա, Արգենտինա, Իտալիա, Հնդկաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Չինաստան, Ռումինիա, Լիբանան) համապատասխան պետական մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ: Երկօրյա համաժողովում քննարկվել էին պետություն-Սփյուռք հարաբերությունների զարգացման ուղիներին առնչվող հարցեր:

Հունիսի 18-19-ը Ժնեւում կայացող Սփյուռքի նախարարների համաժողովը մասնակիցների համար փորձի եւ նոր գաղափարների փոխանակման եզակի հնարավորություն է՝ խթանելու հետագա համագործակցությունը տարբեր  նախարարությունների եւ պետական մարմինների միջեւ, ինչպես նաեւ նպաստելու Միգրացիայի միջազգային կազմակերպության հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Ժնեւում կայացող համաժողովի արդյունքները հիմք կհանդիսանան 2013թ. հոկտեմբերին Նյու Յորքում նախատեսված Միավորված ազգերի կազմակերպության բարձր մակարդակի  երկխոսության նախապատրաստական աշխատանքների համար: