Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է Արգենտինայի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Իսլանդիայի հավաքականի հետ ոչ ոքի խաղալու համար:
«Եթե հավաքականը շարունակի այսպես, ապա Սամպաոլին չի կարողանա վերադառնալ Արգենտինա: Թիմը պատրաստ չէր առաջին խաղին, դա խայտառակություն է: Իմանալով, որ իսլանդացի ֆուտբոլիստները 190 սմ հասակ ունեն, մենք ոչ մի անգամ անկյունայինը չխաղարկեցինք կարճ փոխանցումով:
Ես չեմ մեղադրում ֆուտբոլիստներին: Ես մեղադրում եմ մարզիչին, որը չէր պատրաստել թիմին այդ խաղին: Դուք կարող եք 25 հրաշալի ֆուտբոլիստների բերել աշխարհի առաջնության, բայց նրանց հետ պետք է աշխատել: Մենք տեսանք, որ իսլանդացիներն ավելի լավ էին պատրաստ եւ դա տխրեցնում է»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է El Comercio-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Արգենտինայի հավաքականը իսլանդացիների հետ խաղաց 1:1 հաշվով: Լիոնել Մեսին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը: