Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված քաղաքացիների միջոցները կուտակվում են հենց իրենց հաշիվներին եւ եթե անգամ պատկերացնենք, որ այդ հեղինակավոր կառավարիչները սնանկանան, միեւնույն է, ներդրումների դիվերսիֆիկացիան այնպիսին է, որ գործնականում բավականին փոքր է կորուստներ ունենալու հավանականությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, կուտակված միջոցները տվյալ մասնակիցների սեփականությունն է եւ եթե անգամ համակարգից հրաժարվենք, այդ միջոցները մնալու են տվյալ անձանց հաշիվներին եւ կվերադարձվի իրենց. «Պարզապես այդ վերադարձը չի լինի միանգամից, քանի որ այդ միջոցները ներդրված են լինելու որոշակի գործիքներում»:

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգմանը, ֆինանսների նախարարն ասաց, որ դա ամենավատ տարբերակն է, քանի որ երբ խնդիրը հետաձգում ես, այդ խնդիրը ոչ թե լուծվում է, այլ մեծանում է խնդիրը. «Բացի այդ, հետաձգումն ազդում է Հայաստանի վարկի վրա, քանի որ երբ նահանջում ես քո հայտարարած սկզբունքներից, դա ռեպուտացիոն ռիսկ է պարունակում»:

Ջանջուղազյանը նշեց նաեւ, որ կուտակային կենսաթոշակային համակարգի այլընտրանքը հնում գործող համակարգն է, որի դեպքում արժանապատիվ կենսաթոշակ կարելի կլիներ ապահովել, եթե երեք աշխատողին բաժին ընկներ մեկ կենսաթոշակառու, սակայն Հայաստանում հարաբերակցությունն այդպիսին չէ: