Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Յուրիկ Ղուկասյանի գործի դատավարությունը: Այս մասին է գրում «Ժամանակ» թերթը:

Ըստ մեղադրանքի` 27-ամյա Յուրիկը կենցաղային հարցերի շուրջ վիճել է 43-ամյա Կ.Այվազյանի հետ, բազմիցս հարվածել նրա մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության ծանր վնաս:

Յ.Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Թերթը գրում է, որ տուժող Կ.Այվազյանը մեկ այլ գործով դատապարտյալ է և այս գործով ոչ թե գալիս, այլ բերվում է դատարան: 2012թ. հուլիսի 13-ի դատավճռով` նա մեղավոր է ճանաչվել պոռնկության մեջ երկու անձանց ներգրավելու, ընդ որում` նրանցից մեկի 18-ը դեռ չի բոլորել, նրանց` պոռնկությամբ վաստակած գումարներին տիրանալու համար և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով:

Իսկ Յ.Ղուկասյանի գործով Կ.Այվազյանը տուժող է: Ինչպես գրում է թերթը, նա տվել է հակասական ցուցմունքներ` մեկ մեղադրելով Յ.Ղուկասյանին, մեկ էլ` իր պաշտպանության տակ առնելով նրան, թե իբր ինքը լոգարանում է ընկել, պարզապես Յուրիկը շատ խանդոտ է:

Նախկինում երեք անգամ դատապարտված Յուրիկը հերթական պատժի կրումից ազատվելուց հետո այցելել է ընկերոջ տուն, մտերմացել վերջինիս մոր հետ և շուրջ երեք տարի գտնվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ:

Ըստ դատավճռի` դեպքի օրը` 2011թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 18 :00-ի սահմաններում, Յ.Ղուկասյանը այցելել է Կ.Այվազյանին, վիճաբանել նրա հետ, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով էլեկտրական վառարանով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել Կ.Այվազյանի մարմնի տարբեր հատվածներին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Յ.Ղուկասյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով: