Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում մեկնարկում է վերջին՝ երրորդ տուրը։ Հունիսի 25-ին տեղի կունենա 4 հանդիպում։
A խմբում միակ ինտրիգային հարցը առաջին և երկրորդ տեղերին է վերաբերվում։ Ամեն ինչ պարզ կդառնա Սամարայում կայանալիք Ռուսաստան - Ուրուգվայ հանդիպումից հետո։ Երկու հավաքականներն էլ ունեն 6-ական միավոր։ Ի տարբերություն հարավամերիկացիների, ռուսներն ավելի արդյունավետ հանդիպումներ են անցկացրել։
Մյուս խաղում պատվի պայքար է․ հանդիպում են մինչ այս միայն պարտված Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան։
Սամարայում և Վոլգոգրադում կայանալիք հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18։00-ին։
Ամեն ինչ պարզ կդառնա նաև B խմբում։ Այստեղ միանգամից 3 հավաքական պայքարում է հաջորդ փուլի ուղեգրի համար։ 4-ական միավոր ունեն Պորտուգալիան և Իսպանիան, իսկ Իրանն ունի 3 միավոր։
Սարանսկում Կարլուշ Կեյրուշի գլխավորած հավաքականի մրցակիցն է լինելու Եվրո-2016-ի չեմպիոնը։ Ըստ մասնագետների՝ Իրանի հավաքականը վատ հանդես չեկավ Իսպանիայի հետ խաղում (0:1)։ Ամեն դեպքում նրանք մինչև վերջին վայրկյանը պայքարեցին 1 միավոր վաստակելու համար և անգամ դարձան գոլի հեղինակ, որը գլխավոր մրցավարը չարձանագրեց․ խաղից դուրս էր։
Մյուս խաղում հանդիպելու են Իսպանիան և Մարոկկոն։ Կալինինգրադում սպասվում է, որ ԱԱ-2010-ի չեմպիոնները Ֆերնանդո Իերոյի գլխավորությամբ կտանեն երկրորդ հաղթանակը և խմբից դուրս կգան առաջին տեղով։
Սարանսկում և Կալինինգրադում կայանալիք հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։00-ին։
Մոսկվայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։00-ին։