«Իրավունք հետաքննություն» թերթի թղթակիցը փաստաբան Լևոն Բաղդասարյանից փորձել է որոշ պարզաբանումներ ստանալ` Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատավարության առնչությամբ` հաշվի առնելով վերջին դատական նիստերի ժամանակ հնչած հայտարարությունները:

Մեկնաբանելով Սեդրակյանի և նրա փաստաբանի հայտարարությունը, թե քրեական գործի նյութերում Սեդրակյանի դեմ որևէ փաստ չկա, ըստ որի` նա է կազմակերպել մահափորձը, և ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի հայտարարությունը, թե Սեդրակյանը կապ չունի այդ պատմության հետ, Լևոն Բաղդասարյանն ասել է.

«Ըստ էության, ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` դատական նիստի ընթացքում տված հայտարարությունը ներկա պահին հիմք չի կարող հանդիսանալ այնքանով, որ դա արվել է զուտ հայտարարության կարգով: Երբ նա այդ հայտարարությունը կպնդի նաև ցուցմունք տալիս, այդ ժամանակ դատարանը կգնահատի նախաքննության ընթացքում տված ցուցմունքի և դատաքննության ընթացքում տված ցուցմունքի արժանահավատ լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է ամբաստանյալի հայտարարությանը, կարծում եմ` դա ընդամենը շոու էր` ԶԼՄ-ների համար»: