ՏԻՄ օրենքի 40-րդ հոդվածը հստակորեն կարգավորում է Երեւանի քաղաքապետին անվստահության հայտնելու գործընթացը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց նիստը վարող Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկին՝ օրակարգում ներառել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ ավագանին ցրելու հարար:
«Օրենքի կարգավորմամբ, ավագանու անդամների 1/3-ի նախաձեռնությամբ նախապատրաստվում է որոշման նախագիծ, որը եռօրյա ժամկետում պետք է դրվի քվեարկության: Օրենսդրորեն այս հարցը կարգավորված է եւ չի տեղավորվում այսօրվա օրակարգի տրամաբանության մեջ»,-հայտարարեց Կամո Արեյանը:
Ինչ վերաբերում է ավագանին ցրելու հարցին, փոխքաղաքապետն ասաց. «Մենք ունենք ավագանու կանոնակարգ եւ ՏԻՄ օրենքի դրույթների համապատասխան կան ավագանու նիստի օրակարգի ձեւավորման ընթացակարգ: Այսինքն որեւէ առաջարկ պետք է արվեր նախքան այս նիստը՝ օրակարգի ձեւավորման սահմանված ժամկետում: Այդ առաջարկը այս պահին ժամանակավրեպ է»:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նաեւ հարց ուղղեց Արեյանին. «Դուք ի՞նչ եք անում, որ բազմաթիվ հրապարակումներով ապացուցված իր կատարած հանցագործությունների համար Տարոն Մարգարյանը կրի պատասխանատվություն: Դա շատ կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլեւ մեր ազգի համար իմանալ նաեւ ձեր գործողությունները այս ուղղությամբ»:
Ի պատասխան Կամո Արեյանն ասաց. «Կարծում եմ՝ Երեւանի քաղաքապետն ի զորու է պատասխանել ցանկացած հարցի եւ լսել ձեր մտահոգությունները»: