N զորամասի մարտական դիրքերում հունիսի 22-ին պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պարզվել է՝ զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Ս.Կարապետյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ որպես հենակետի պատասխանատու, վատնել է ծառայողական օգտագործման համար դիրքի անձնակազմին տրամադրված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտները։ Այն է՝ 22.06.2018թ.՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դիրքի կացարանի զինաբուրգից վերցրել է ինքնաձիգ և դիրքի խոհանոցի հարակից տարածքում առանց որևէ հիմնավոր պատճառի կրակոցներ արձակել օդ, նույնը կրկնվել է նաև ժամը 21:00-ի սահմաններում: Դրանից հետո` ժամը 22:50-ի սահմաններում, կապիտանը կրկին զինաբուրգից վերցրել է նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, եֆրեյտոր Հ.Դարբինյանին ամրակցված ինքնաձիգը և խոհանոցի հարակից տարածքում լիցքավորելով այն` արձակել անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել իրենից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող, մարտական դիրքում հերթապահություն իրականացնող, պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` կապիտանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ և 373-րդ հոդվածի 3-րդ մասերով: