Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը լինելով Ադրբեջանի կազմում, այնուամենայնիվ, մինչեւ վերջերս, որոշակի ազատություն ուներ: ՆԻՀ-ի ղեկավարությունը կարող էր ինքնուրույն որոշումներ կայացնել, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերում: Հենց Նախիջեւանի ուղղությամբ սահմանն էր առավել խաղաղ, իսկ Նախիջեւանի իշխանությունների ազատության աստիճանը ցույց է տալիս այն, թե ինչպես Նախիջեւանում հայտնված չորս երիտասարդ տղամարդիկ (2008 թ.) արագ վերադարձվեցին:
Սակայն դատելով այս ամենից, Բաքվի իշխանությունների սրտով չէ սահմանների հանգստությունը, եւ որոշ ժամանակ անց Նախիջեւանի ուղղությամբ սահմանում լարվածության աստիճանը սկսեց աճել:
Որպես հիմք էր ընտրվել սեփական վերահսկողության ներքո կամ չեզոք գոտում գտնվող տարածքների «ազատագրման» ռազմավարությունը: Չեզոք գոտիների դեմ ոտնձգություններն առանձին հարց է: Այն, թե ինչպես են ազատագրվում իր իսկ ենթակայության տակ գտնվող տարածքները, սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում վաղուց արդեն հեգնանքի ալիք է առաջացրել: Սակայն ադրբեջանական իշխանություններին կատարվածի ծիծաղելիությունը քիչ է հետաքրքրում:
Ջոջուղ մարջանլի գյուղի ազատագրումից հետո, որը երբեք չի եղել հայերի հսկողության տակ, ընթացքի մեջ դրվեցին Նախիջեւանի ուղղությամբ «հաղթաթղթերը». գյուղը, գինու գործարանը եւ անանուն բարձունքներ: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական քարոզչամեքենայի վարկածով, նրանք կարողացել են իրենք իրենցից աներեւակայելի ջանքերի գնով 11 հազար քառ/մ ազատագրել: Աննախադեպ հաղթանակ:
Ի թիվս այլ բաների, ադրբեջանական քարոզչամեքենան շեշտում է այն, որ ակտիվ գործողությունների արդյունքում հայկական Արենի գյուղը եւ միջպետական նշանակության մայրուղին իբրեւ թե քիչ էր մնացել հայտնվեին ադրբեջանական դիպուկահարների ափում: Ստիպված ենք հիասթափեցնել ադրբեջանական աղմկոտ էֆֆեկտների սիրահարներին՝ դա այդպես չէ:
«Լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել» սկզբունքով, հունիսի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված խմբի ուղեւորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի մոտ գտնվող Արենի տարածք: Այո, հարեւան երկրի ԶՈՒ-ն առաջ էր եկել եւ բարձունք էր զբաղեցրել. գերիշխող մասին միեւնույն է հայկական կողմն է տիրապետում եւ հակառակորդի ցանկացած ագրեսիվ գործողություն կանխվելու է:
«Բարձրությունը 1450 մ է, այստեղ կրակակետ է: Թշնամին առաջ է եկել եւ ստեղծել կրակակետեր, որոնք քաղաքացիական բնակչության համար նշանակություն չունեն: Մենք պատրաստ ենք այս եւ այլ դիրքերից ճնշել նրանց կրակակետերը: Մենք վերահսկում ենք նրանց ցանկացած շարժումը», - ասում է մայոր Անդրանիկ Ծատուրյանը:
Այսպիսով, ինչի է ձգտում ադրբեջանական կողմը՝ փորձելով ցանկալին որպես իրականություն ներկայացնել:
«Ինչպես դուք հիմա տեսնում եք, սա մեր գերիշխող դիրքերից մեկն է: Աջից եւս երկու դիրքեր են: Հակառակորդի բոլոր առաջխաղացումները տեղի ե ունեցել նրա տարածքում կամ չեզոք գոտում: Հակառակորդը առավելություններ չի ստացել: Այն փոքր հատվածը, որտեղից երեւում է գյուղը եւ ճանապարհը, նրանք չեն կարողանա օգտագործել, քանի որ իրենք մեր կրակոցների տակ են գտնվում եւ նրանց գյուղերը մեր դիրքերին ավելի մոտ են, դա էլ պետք է հիշել: Ոչ մի նոր դիրքից նրանք չեն կարողանա կրակել մեր ճանապարհի եւ գյուղի վրա, ինչպես նրանք փորձում են դա ներկայացնել: Հրաձգային զենքից, անգամ գնդացրից դա անհնար է, միայն հրետանիով, իսկ դա արդեն ուրիշ պատմություն է», -լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական դիրքերի համար շատ ադրբեջանական բնակավայրեր հասանելի գոտում են: Այդ դեպքում ինչի համար է Ադրբեջանի ղեկավարությանը այս ավանտյուրան:
«20 տարի այս ուղղությամբ իրավիճակը հաբերականորեն հանդարտ է եղել: Այժմ Բաքվի իշխանությունները փորձում են լարվածություն մտցնել եւ ուժեղացնել թշնամությունը, քանի որ դա միակ ուղղությունն էր, որտեղ համեմատաբար խաղաղ էր: Հնարավոր է, դրանում են Ալիեւի քաղաքական նպատակները, չէ որ հենց Ալիեւի այցից հետո իրավիճակը սկսեց փոխվել», - հիշեցրել է Արծրուն Հովհաննիսյանը: