ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հավաստիացնում է, որ դեռևս որևէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ:

Հիշեցնենք, որ երեկ մամուլը հայտնում էր, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում խոսվել է «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։ Նշենք, որ «Գազպրոմին» է պատկանում «ՀայՌուսգազարդի» 80%-ը, իսկ Հայաստանի կառավարությանը՝ 20%-ը։

«Որևիցե գործարք կատարված չէ, այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 տոկոս բաժնետոմսեր տալ-չտալու հարցը, բայց բանակցությունների սեղանին դրված է ոչ միայն այդ հարցը, կան նաև այլ հարցեր»,-նշեց Արմեն Մովսիսյանը:

Նախարարը նշում է, որ մինչև ամսվա վերջ բանակցությունները կավարտվեն: Արմեն Մովսիսյանը լրագրողների ցանկացած հարցի պատասխանում էր, որ բանակցություններն այս պահին ընթանում են և ինքը ոչինչ չի կարող հայտնել:

Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20 տոկոսը հանձնել «Գազպրոմին», եթե հետո էլ ոչինչ չենք ունենալու և ռուսական կողմը այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, Արմեն Մովսիսյանը պատասխանեց.
«Խնդիրը այդպես չի դրված, որ ինչ ուզենան անեն, բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում մենք ունենանք»: