«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին:
Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաև աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծած գործերը:
Նա ապրում էր ոչ միայն մշակութային, այլև հասարակական ակտիվ կյանքով, ընտրվել էր նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր:
Նադեժդա Սարգսյանը մեծ ավանդ ունեցավ նաև Հայաստանում մանկական երգարվեստի զարգացման գործում: Իր հիմնադրած մրցույթների շնորհիվ նա բացահայտեց բազմաթիվ փոքրիկ տաղանդների և իր ձիրքն ու հմտությունները նրանց փոխանցեց Երևանի մշակույթի պետական քոլեջը ղեկավարելու տարիներին: Ու մեր սիրելի երգչուհուն մենք միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլև ամեն անգամ նրա սաների նոր հաջողություններով ուրախանալիս:
Խորին ցավակցություն եմ հայտնում Նադեժդա Սարգսյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: