Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով ժամանեց Ամուլսար։ Այսօր ողջ օրը նա Վայոց Ձորի մարզում է հանդիպումներ անցկացնելու։ Առաջին կանգառը ոսկու հանքում է։
Ակնկալվում է, որ վարչապետը հանդիպում կունենա ոչ միայն Ամուլսարի ղեկավարության հետ, շրջայց կկատարի հանքավայրի տարածքում, այլ նաև կհանդիպի բնապահպանների հետ։ Թեև Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա, այնուամենայիվ մոտ երկու շաբաթ է բնապահպանները բողոքի ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ հանքավայրը շահագործողները չեն կատարել իրենց խոստումը և չեն պահպանել բնապահպանական նորմերը։
Ի դեպ երեկ անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, կապանցիներից մեկի հարցին ի պատասխան, վարչապետն ասաց, որ իր իշխանության օրոք հանքերը շահագործվելու են Հայաստանի Հանրապետության օրենքի տառին համապատասխան։
Ամուլսարից վարչապետն ուղևորվելու է Եղեգնաձոր, որտեղ Վայոց Ձորի համայնքների, գյուղերի, քաղաքների ղեկավարների հետ հանդիպում կունենա, ապա հավաքներ կանցկացնի Եղեգնաձորի և Արենիի հրապարակներում, կպատասխանի տեղացիների հարցերին։