«Ժողովուրդ»–ը Սյունիքի մարզի Արևիս համայնքի ղեկավար Սասուն Սահակյանից տեղեկացավ, որ առաջիկայում գյուղի դպրոցը փակվելու է, քանի որ դպրոցի աշակերտների թիվը երեքն է։ «Այս տարի դպրոց հաճախելու մի երեխա կա, բայց նրա ծնողներն ուզում են գյուղից մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Եթե մեկնեն, դպրոցը կփակվի։ Այս տարի դեռ ոչ մի ընտանիք գյուղից դուրս չի եկել, իսկ անցյալ տարի միանգամից հինգ ընտանիք հեռացավ։ Հիմա գյուղում ապրում է 70 մարդ»,–ասել է գյուղապետը։

 «Նրա խոսքով՝ հիմնականում երիտասարդներն են մեկնում գյուղից. «Գրադարան, բուժկետ, ամեն ինչ ունենք, բայց մարդ չկա։ Անգամ գրադարանն աշխատող չունի, քանի որ համայնքապետարանի բյուջեն փոքր է, և հնարավորություն չունի վճարելու»։ Ըստ համայնքի ղեկավարի՝ տարիներ առաջ դպրոցի աշակերտները 23-ն էին։ Բնակիչների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է ու գյուղատնտեսությունը։ Իսկ վերջին երեխան Արևիսում ծնվել է երկու տարի առաջ»,– գրում է թերթը։