Անձին ապօրինի կերպով ազատությունից զրկելու համար ոստիկաններ Գոռ Պողոսյանը և Կարապետ Մալխասյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապատվեցին ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ նշանակվեց փորձաշրջան՝ 1,5 տարի ժամկետով: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Գոռ Պողոսյանը 2012թ. նոյեմբերի կեսերին` տեղեկանալով, որ հորը` Աղասի Պողոսյանին պատկանող «Չարբախ» տաքսի ծառայության վարորդ Գառնիկ Թովմասյանը իրեն ամրակցված «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի, նրան կանչել է հիշյալ տաքսի ծառայության գրասենյակ և պահանջել հատուցել գույքային վնասը, որը ըստ Գոռ Պողոսյանի կազմել է 80000 ՀՀ դրամ: Այս ամբողջ գործընթացը Պողոսյանը իրականացրել է իր ընկեր ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին դասակի ոստիկան Կարապետ Մալխասյանի հետ միասին: Գառնիկ Թովմասյանը հրաժարվել է նշված գումարը տալուց ` պատճառաբանելով, որ վթարն իր մեղքով չի կատարվել, որից հետո Գոռ Պողոսյանը և Կարապետ Մալխասյանը Գառնիկ Թովմասյանին ապօրինի պահել են գրասենյակներից մեկում՝ փաստացի զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Այնուհետև Կարապետ Մալխասյանն ու Գոռ Պողոսյանը վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Գառնիկ Թովմասյանին` նրա կամքին հակառակ, տեղափոխել են Կ.Մալխասյանին պատկանող ամառանոց, որի ընթացքում, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել վերոհիշյալ գումարը: Տաքսու վարորդին ոստիկանները բաց են թողել միայն այն բանից հետո, երբ խոստացել է հատուցել վնասը: Մինչ դատաքննությունն սկսվելն ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր ճանաչեցին անձին ապօրինաբար ազատությունից զրկելու համար առաջադրված մեղադրանքում և միջնորդեցին դատաքննություն անցկացնել արգացված կարգով: Վերջիններս նաև նշեցին, որ զղջում են կատարվածի համար և դատարանին խնդրեցին մեղմ պատիժ սահմանել: Մեղադրող դատախազը ճառով հանդես գալով պնդեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը, իսկ ամբաստանյալների պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ չի արդարացնում իր պաշտպանյալներին, սակայն նրանք զղջում են կատարվածի համար և որ հասարակությունից մեկուսանալու արժանի չեն:
Հեղինակ` Փաստինֆո