Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխարհի առաջնության եզրափակիչի արդյունքը չի համարում արդար: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է խորվաթներին:
«Ֆրանսիայի հավաքականը տպավորիչ անցկացրեց մրցաշարը, մինչեւ եզրափակիչ հրաշալի տեսք ուներ: Նրանք հաղթել են եւ մնում է միայն շնորհավորել Դիդյե Դեշամին:
Խորվաթները շատ հիասթափված էին: Լավագույն թիմը պարտվեց կրկնապատկերի մրցավարական համակարգի (VAR) կոնցեպցիայի սխալ օգտագործման հետեւանքով: Այնտեղ չկար 11 մետրանոց: Մրցավարը ծայրահեղ դեպքերում պետք է դիմի համակարգի օգնությանը: Այդ դրվագն այդպիսինը չէր»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղի 38-րդ րոպեին անկյունայինից կատարած փոխանցումից հետո գնդակը դիպավ Պերիշիչի ձեռքին։ Հանդիպման գլխավոր մրցավար Նեստոր Պիտանան կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։