Հավայան կղզիներից ոչ հեռու անցկացված ԱՄՆ եւ նրա դաշնակիցների զինված ուժերի միջազգային վարժանքների ժամանակ ջրասույզ են արել դուրս գրված ամերիկյան դեսանտային USS Racine նավը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարժանքների համաձայն՝ USS Racine-ը, որը գնակոծման վայր է բերվել քարշակով, հայտնաբերվել է Ճապոնիայի ԶՈՒ հետախուզական օդանավի կողմից: Դրանից հետո նավի վրա կրակել են ճապոնական էսմինեցները եւ ամերիկյան առափնյա հրթիռային համալիրները, որոնք թիրախի վրա 15 հրթիռ են արձակել:


Այսպիսի համազարկից հետո նավի վրա մեծ ճեղք է առաջացել, իսկ նավամբարում հրդեհ է բռնկվել, սակայն USS Racine-ը նախկինի պես շարունակել է ջրի վրա մնալ:

Այնուհետեւ նավին հարվածել է ԱՄՆ ՌԾՈՒ Los Angeles դասի ատոմային սուզանավը Mk 48 տորպեդով, որի հետեւանքով նավը քթամասում կիսվել է եւ 1 ժամ հետո Խաղաղ օվկիանոսի հատակն իջել: