Շմայսի հորեղբայրը՝ Միհրան Մովսիսյանը, դիմել է գլխավոր դատախազություն՝ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին եւ Կարլոս Պետրոսյանին մեղադրելով հոկտեմբերի 27-ի գործի քննության տապալման մեջ: Հայցն ուսումնասիրելու համար ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Պետք է ենթադրել, որ որոշ ժամանակ անց այս գործով հետաքրքիր մանրամասներ ի հայտ կգան:
Հայաստանում մի շարք գործերով անհամբեր դատական գործընթացների են սպասում, որում ներգրավված են օդիոզ դեմքեր: Բանն անգամ անձերը չեն, այլ այն, որ այս բոլոր գործերը վերաբերում են հիմքին, որի վրա կառուցվել է Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգը:
Առանցքայինը հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի գործերն են: Միհրան Մովսիսյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է հոկտեմբերի 27-ը կոծկելու մեջ: Ռոբերտ Քոչարյանն էլ հարցաքննության է կանչվել մարտի 1-ի գործով: Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արդեն մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման փորձի մեղադրանքով: Այս երկու գործերի արդյունքում երկու նախկին նախագահները կարող են մեղադրյալ դառնալ իշխանության ուզուրպացիայի փորձի համար: Եթե մեղադրանքները հաստատվեն, կստացվի, որ վերջին 20 տարիներին իշխանությունը Հայաստանում լեգիտիմ չի եղել:
Մեկ այլ առանցքային քննություն է ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աշոտ Արսենյանի գործը, ով, ըստ Մալիշկայի գյուղապետի ցուցմունքի, իրեն 13 միլիոն դրամ է փոխանցել ձայներ գնելու համար: Այս գործը կարող է նախադեպ ու հիմք դառնալ ՀՀԿ եւ այլ կուսակցությունների պատգամավորների լեգիտիմությունը պարզելու համար: Այս գործը շատ կարեւոր է իշխանության ձեւավորման արատավոր համակարգը բացահայտելու համար, որը կառուցվել է կաշառքի վրա:
Կարեւոր է լինելու նաեւ Մանվել Գրիգորյանի դատը, ով ռազմաֆեոդալական օլիգարխիայի անկյունաքարն է: Արդեն պարզվել է, որ ռազմական ֆեոդալները կարողություն են դիզել բանակի ու զինվորների առողջության, անցակետերի ու պահածոների հաշվին:
Հերթական առանցքային գործը վերաբերում է Տարոն Մարգարյանին: ԱԱԾ տնօրենն ասել է, որ շուտով հնարավոր է հայտարարվի աղմկոտ գործերի մասին, որոնք վերաբերում են անօրինական հարստացմանը: Չնայած նա ասել է, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցաքննության են կանչելու Երեւան հիմնադրամի գործով, սակայն Երեւանի նախկին քաղաքապետի՝ նախկին վարչապետի որդու հարստացումը կարող է ժառանգական օլիգարխացման բացահայտման նախադեպ լինել:
«Երեխաների» գործը դրանով չի ավարտվում, որովհետեւ Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին սկսել են թմրաբարոն անվանել: Մամուլում գրում են, որ նա համակարգել է Հայաստանում թմրանյութերի շրջանառությունը՝ «տանիք» լինելով մանր առեւրականների եւ միջազգային տրանզիտի համար:
Մեկ այլ կարեւոր գործ կապված է Ալիկ Սարգսյանի հետ: Արարատի նախկին մարզպետը խոստովանել է, որ Ալիկ Սարգսյանին կաշառք է տվել, որ իր բարեկամին աշխատանքի տեղավորի:
Այս գործերով դատական նիստերը դեռ չեն սկսվել, բայց արդեն քննության փուլում երեւում է նախկին համակարգի ողջ կեղտն ու գարշահոտը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am