«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը չի կիսում «Սասնա ծռերի» գործով անցնող եւ օրերս ազատ արձակված Արարատ Խանդոյանի հայտարարությունը, թե Հայաստանում ոչինչ չի փոխվել, ընդամենը փոխվել են իշխանիկների տեղերը, ընդամենը տականքները գնացել են, նորերը եկել են։

«Չեմ կիսում Արարատ Խանդոյանի այդ գնահատականը, չնայած հարգում եմ Արարատ Խանդոյանի տեսակետ հայտնելու իրավունքը։ Նախ ուզում եմ ճշտել, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ չէ, նա «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է, որը ձերբակալվել է 2016-ի հունիսի 20-ին, Խորենացի փողոցում ցույցի ժամանակ։ Երկրորդ, Արարատ Խանդոյանը, ով օրեր առաջ է ազատ արձակվել, կալանավորվել է առողջ, իսկ այնտեղից դուրս է եկել առողջությունը կորցրած»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Ենիգոշմյանը:


Նա նշեց, որ իրենք համարում են, որ Հայաստանում իսկապես տեղի է ունեցել շատ էական փոփոխություն. «Հակապետական, հակաժողովրդական ու հակազգային վարչախումբ է հեռացվել, եւ եկել է մի այլ վարչախումբ, որը համենայնդեպս փորձում է շատ ավելի առողջ հիմքերի վրա դնել երկիրը։ Սա միանշանակ է, ու սա չի նշանակում, որ այն, ինչ կատարվել է վերջին 2 ամսվա ընթացքում, մեզ բոլորիս բավարարում է։ Այդպես չէր էլ կարող լինել, ով էլ լիներ իշխանության։ Նոր իշխանությունը չէր կարող 2 ամսում բոլոր հարցերը լուծել, որովհետեւ այնպիսի ահավոր ժառանգություն ենք ստացել, որ անհնար է միանգամից իրավիճակը փոխվել։

Իհարկե, շատ հնարավոր է, որ այստեղ կան նաեւ սուբյեկտիվ սխալներ, բայց դա եւս պետք է օրինաչափ համարել, որովհետեւ ով էլ լիներ, պետք է սխալներ գործեր։ Ամեն ինչ պետք է համեմատության մեջ նայել։ Մենք միաժամանակ ողջունել ենք տեղի ունեցած փոփոխությունները եւ պետք է աջակցել իշխանություններին իրավիճակը շտկելու հարցում»,-ընդգծեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամը:

Միաժամանակ, Ալեք Ենիգոմշյանը չողջունեց Արարատ Խանդոյանի հասցեին հնչող կոպիտ գնահատականները, ըստ որոնց, ապերախտություն է նոր իշխանությունների շնորհիվ հայտնվել ազատության մեջ եւ հայտարարել, թե երկրում ոչինչ չի փոխվել. «Կարելի է համաձայն չլիներ նրա տեսակետի հետ, բայց նման որակումներ անելը ավելի մերժելի է։ Մարդիկ լավ են անում, որ պաշտպանում են իշխանություններին, բայց նոր իշխանությունների էական տարբերությունը նախորդների նկատմամբ, ազատությունն է։ Ազատ լինել չի նշանակում ցանկացած որակում տալ մարդկանց։ Եթե այսօր պետք է այդպիսի գնահատականներ տանք Արարատ Խանդոյանին, դրանով ինքներս դավաճանում ենք ազատության, բազմակարծության գաղափարներին։ Եթե սխալ ենք համարում Արարատ Խանդոյանի գնահատականները, պետք է փորձենք ուղղել, ոչ թե անընդունելի որակումներ անել նրա հասցեին,-ընդգծեց Ենիգոմշյանը: