2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սեւանա լճում ֆոսֆատ եւ ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, եւ ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար: Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերեւութային եւ միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերեւութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.5 մգ/լ):
Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերեւութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (11 մգ/լ):
Լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում եւ խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում:
Նշենք, որ EcoNews.am-ը հրապարակել է Սեւանա լճի արբանյակային լուսանկար, որը ցույց է տալիս լճում տոքսիկ ջրիմուռների տարածվածության աստիճանը սկզբնական օրերին: