Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց.
«Լինել հրամանատար՝ նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ եւ լինել պատասխանատու ուրիշների համար, լինել հրամանատար՝ նշանակում է ունենալ կամք եւ վճռականություն ամենակարեւոր պահին զոհվելու հրամաններ արձակելու եւ սա չափազանց ծանր պատասխանատվություն է, եւ սա չափազանց հզոր պատասխանատվություն է, եւ այս պատասախանատվությունը կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ:
Եվ ես ձեր հայացքներում տեսնում եմ, որ դուք ունեք կամքը ոչ միայն ծառայելու, այլեւ հաղթելու, հաղթանակ բերելու մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր հայրենիքին: Ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները, ես ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները եւ ուրեմն ձեզ մաղթում եմ փառավոր ծառայություն Հայաստանի զինված ուժերում, հայոց բանակում, որովհետեւ մեր նպատակը մեկն է, մեր ապագան մեկն է, մեր այս օրը մեկն է:
Հայ ժողովուրդը հաղթել է պատերազմում, հայ ժողովուրդը հաղթել է պետականության կառուցման գործում եւ հայ ժողովուրդը հաղթել է իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում եւ որեւէ մեկը դրսից, թե ներսից չի կարող եւ չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքերից: Իսկ այդ հաղթանակի թիվ մեկ, ամենակարեւոր պաշտպանները դուք եք: Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ն Հայաստանի զինված ուժերը եւ հայոց փառապանծ զինվորներն ու սպաները»: