ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու այն խաղաղ միջոցներով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վենեդիկտովը հետաքրքրվել է, թե ինչու է վարչապետն իր որդուն ուղարկել հենց Ղարաբաղ ծառայելու, ինչին ի պատասխան Փաշինյանը նկատել է, որ որդին գնացել է կամավոր սկզբունքներով: «Շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ, բայց հակառակը, դա խաղաղասիրական քայլ է: Բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որդուս ուղարկում եմ Ղարաբաղ, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի. Աստված չանի, մահանա իմ որդին կամ իմ հայրենակիցների որդիները, կամ շարքային ադրբեջանցիների որդիները: Դա տրամաբանական չէ: Ես դա չեմ ուզում: Ուրախ կլինեի, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որդուն այնտեղ ուղարկեր ծառայելու: Եթե նրա որդի ևս այնտեղ ծառայեր, ես դա կընդունեի որպես խաղաղասեր քայլ: Բոլորս համոզված կլինեինք, որ պարոն Ալիևը ևս չի ցանկանա, որ իր որդին մահանա»,- ասել է Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե ինչու է ՀՀ վարչապետը պատերազմի աճող սպառնալիք տեսնում՝ Փաշինյանը նկատել է, որ պատճառն Ադրբեջանի իշխանությունների ռազմական հռետորաբանությունն է: «Մենք խոսում ենք նրա մասին, ինչ մտածում ենք: Համենայնդեպս, ես միշտ այդպես եմ արել»,- նշել է նա:

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած իրավիճակում Հայաստանը միշտ ադեկվատ պահվածք է ցուցաբերելու: «Այն, որ որդիս ծառայում է Ղարաբաղում, նշանակում է, որ ես պատերազմ չեմ ցանկանում, սակայն դա նաև նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար: Եթե Ադրբեջանը պատերազմի սկսի, մենք կսկսենք պատերազմել՝ չնայած չենք ուզում»,- նշել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Այդուհանդերձ, ՀՀ վարչապետն այդ ծանոթությունն անարդյունավետ է որակել, քանի որ Բրյուսելում, որտեղ ժամանել էր նաև Ադրբեջանի նախագահը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կողմերն այդպես էլ չեն ողջունել միմյանց:

Վենեդիկտովի նկատառմանը, թե Փաշինյանը կարող է զանգահարել Ալիևին, վարչապետը կատակել է. «Գիտեք՝ շատ լավ միտք է, բայց ես նրա հեռախոսահամարը չունեմ»: