Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցին:
«Հրապարակային քննարկում կա՝ արդյոք թեման ուսումնասիրվո՞ւմ է , թե ոչ: Ասեմ, որ ուսումնասիրվում է ոստիկանության կողմից, գլխավոր դատախազության, ԱԱԾ կողմից: Վստահելի պատասխաններ պետք է ունենանք այս հարցերի շուրջ»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով:
«Ցավով եմ ասում, նախնական տվյալներով, որոշ բացահայտումներով, զորակոչի ոլորտում մենք դեռեւս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Զարմանալի է, որ մեր նման երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից նման չարաշահումներ տեղի ունենալ. Սա ուղղակի խայտառակություն է»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են բոլոր չարաշահումները արմատախիլ անելու համար:
«Զարմանալին այն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան ասում ենք, բայց ինչ-որ մարդկանց թվում է՝ կատա՞կ ենք անում, չեմ հասկանում: Էդքանից հետո գնում, պայմանավորվում են, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, ձերբակալվում են, հետո ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ էն, ինչ պետք ա լինի ու ինչ լինելու է: Որեւէ մեկը չմտածի, թե մենք որեւէ կետում որեւէ պատճառով կկանգնենք: Դա չի լինելու, պաշտոնապես նորից հայտարարում եմ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, չի լինելու: Այսքան կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունենում, եւ ես շատ կարեւորում եմ, որ որեւէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն չի հնչել: Սա բացառիկ կարեւոր արձանագրում է: Ես ուզում եմ ասել, որ սա շատ կարեւոր պրոցես է, այս պրոցեսում հույս ունեմ, որ դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխումներ է ապրում»,- ընդգծեց Փաշինյանը: