«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցելու համար, կարելի է ասել՝ «հակասահմանադրական» է, որովհետև մեր Սահմանադրությամբ երկրի ղեկավարը վարչապետն է, և նա լիազորված է մասնակցել միայն երկրների ղեկավարների նիստերին, այլապես ստացվում է, որ մի անգամ առաջին փոխվարչապետն է մասնակցում, մյուս անգամ՝ վարչապետը, այսպես որ գնա, կարող է մասնակցել նաև, ասենք, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստի՞ն, մեկ ուրիշ անգամ՝ ԱԳ նախարարների՞։ Ընդ որում, չեմ կարծում, որ պատճառն իրավական է, պատճառը բացառապես քաղաքական է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։
Իսկ ո՞րն էր պատճառը։ «Ռուսաստանի հրավեր-հրահանգը, Ռուսաստանը ցանկանում է ընդգծել իր առավելությունը բոլոր հարցերում․ հիշենք, որ ԵՏՄ վարչապետների խորհուրդը տեղեկացված էր, որ այդ նիստերին այլևս մասնակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը Դուշանբեի հավաքի ժամանակ տեղեկացրել էր այդ մասին։ Կազուս է ստացվում՝ վարչապետների նիստին մասնակցում է Փաշինյանը, նախագահների նիստին մասնակցում է Փաշինյանը»։
Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում էլ բավականին թուլացել են Հայաստանի և Յուրի Խաչատուրովի դիրքերը՝ հարցաքննության կանչված, կասկածյալի կարգավիճակին ձգող Խաչատուրովին այլևս չեն վստահում։ Ղազախստանն ու Բելառուսը մտմտում են Խաչատուրովին ժամանակից շուտ պաշտոնանկ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: