ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ս. թ. հուլիսի 1-ից 8-ը Գյումրիում առաջին անգամ կազմակերպում է «Դուետ» միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնն ընդգրկված է «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների շրջանակում: Փառատոնին աջակցում է նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացման մեջ մասնակցում է երկու դերասան:

Փառատոնին հայտ են ներկայացրել Հայաստանի և արտերկրի 25 թատրոններ, որոնցից ընտրվել են 20-ը:  Փառատոնին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան և Վրաստանը: Մասնակիցների թվում են Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը, Կիևի թատերական արվեստի ակադեմիական «Սուզիրյա» արվեստանոցը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, Կամերային երաժշտական, Մհեր Մկրտչանի անվան Արտիստական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնները, ֆրանսիացի դերասաններ Թիերի Շարպիոն և Լալի Մեգնանը:

ՀՀ Մշակույթի նախարարության լրատվության ծառայությունից հայտնում են, որ «Դուետ» միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ»» ներկայացումով, փակման արարողությունը՝  հուլիսի 8-ին, Կիևի «Սուզիրյա» ակադեմիական արվեստանոցի «Ժառանգը» ներկայացումով:

Փառատոնի շրջանակում նախատեսված են հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ ստեղծագործական խմբերի, մասնագիտական հանձնախմբի, արվեստագետների ու արվեստասերների մասնակցությամբ ամենօրյա քննարկումներ:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնն ունի մասնագիտական հանձնախումբ, որի անդամներն են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դերասան Անատոլի Կոտը, դերասան Վարդան Պետրոսյանը, դրամատուրգ Աննա Աղասարյանը, կինոռեժիսոր  Լևոն Մինասյանը, ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

Փառատոնային ներկայացումները կկայանան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և Արվեստների ակադեմիայի դահլիճում:

ս. թ. հունիսի 20-ին, ժամը 12:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում «Դուետ» միջազգային թատերական փառատոն մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, «Դուետ» փառատոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանը և փառատոնի նախագահ ու գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: