Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Կալանավորման հիմքերի, առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու շուրջ հարցերի վերաբերյալ փաստաբանն ասաց, որ կխոսեն առաջիկա մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով մարտի 1-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ պաշտոնը, նույն հոդվածով մեղադրվում է այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է։
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 300.1-րդ հոդվածի 1-ի մասը սահմանում է՝ սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով: