ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Ռուբեն Սահակյանը, Արամ Օրբելյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնում են իրենց պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու որոշումների հետ կապված մանրամասները:

Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամիս ժամկետով կալանավորեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:


Դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հրաժարվեց որեւէ մանրամասն ներկայացնել կալանավորման որոշումից՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության, ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: