ՀՀ-ին պատկանող «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններից հետո կառավարությունն իր «դարի գործարքը» բերելու է ԱԺ` հաստատման: ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանի խոսքերով` Ռուսաստանն արդեն իսկ գրավել է մեր տնտեսությունը, ուստի «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի վաճառքով դա չի որոշվում: Այս և այլ հարցերի շուրջ է «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Գարեգին Նուշիկյանի հետ:
- Պարոն Նուշիկյան, հայտնի դարձավ, որ Հայաստանը «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը վաճառում է Ռուսաստանին: Դուք` որպես պատգամավոր, բիզնեսմեն, ինչպե՞ս եք դա գնահատում: Արդյոք վտանգ չե՞ք տեսնում, որ Ռուսաստանն այդպիսով գրավում է մեր տնտեսությունը:
- Նման վտանգ չեմ տեսնում, որովհետև էդ 20 տոկոսով չի, որ գրավում է կամ չի գրավում Ռուսաստանը: Եթե գրավել է, մինչև այդ արդեն գրավել է: 20 տոկոսը ոչ մի բան չորոշող տոկոս է: Այսինքն` որոշումների վրա մեր կառավարությունը էդ 20 տոկոսով չէր կարողանում ազդեցություն ունենալ: Ուստի երևի հարմար են գտել, որ տենց ավելի ճիշտ ա` 20 տոկոսը վաճառելը, վաճառում են:
- Խնդիրն այն է, սակայն, որ հետագայում մենք ոչ մի ազդեցություն չենք ունենա գազի ոլորտի և համակարգի վրա:
- Չէ՛, կունենանք: Նույնը էլեկտրաէներգիայի դեպքում կարելի է ասել, բայց մենք մեր օրենքներով մեր ազդեցությունը կարող ենք ունենալ նաև գազի ոլորտում: Երկրի մեջ գործում են, մեր երկրի օրենքներով են գործում և պարտավոր են ենթարկվելու մեր երկրի օրենքներին` ինչքան տոկոս ուզում է ունենան:
- Ասել է թե` Դուք որևէ վտանգ չե՞ք տեսնում այդտեղ:
- Որևէ վտանգ չեմ տեսնում, որովհետև նորից եմ ասում, էդ 20 տոկոսը որևէ բան չի որոշում, որոշումների վրա կառավարությունը չէր կարողանում ազդեցություն ունենալ, որովհետև եթե կարողանար ունենալ, գազի գնի թանկացմանը դեմ կքվեարկեր, և գազի գինը չէին բարձրացնի:
- Իսկ Ձեր կարծիքով` «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը Ռուսաստանին տալը հարցի լուծո՞ւմ է:
- Ոչ լուծում է, ոչ էլ լուծում չէ: Դա, կարելի է ասել, սիմվոլիկ 20 տոկոս էր, որն այս տարիների ընթացքում ոչ մի անգամ շահույթ չի բերել մեր կառավարությանը: Եվ դրա համար երևի նպատակահարմար են գտել դա վաճառել:
- Ինչպե՞ս կարող էր «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը շահույթ չբերել:
- Դե, ամեն դեպքում, էդպես են հայտարարում, էդպես է երևում թվերով: «ՀայՌուսգազարդն» աշխատել է վնասով: Այլ հարց է` դա ինչքանով է հիմնավոր, բայց փաստաթղթերով այդպես է:
- Դա նշանակո՞ւմ է, որ եթե այդ հարցը մտնի ԱԺ, Դուք կողմ եք քվեարկելու, որ 20 տոկոսը տրվի Ռուսաստանին:
- Ես, ճիշտն ասած, դեռ չգիտեմ, ես պետք է խորությամբ այդ հարցը նայեմ: Ինչ վերաբերում է դեմ կամ կողմ լինելուն, ես դեմ եմ եղել ընդհանրապես «ՀայՌուսգազարդի» էս վերջին թանկացման բարձր տոկոսին` համեմատած նախորդ տարվա մատուցած ծառայություններին: Մոտավորապես 50-60 տոկոսով «ՀայՌուսգազարդը» թանկացրեց սպասարկման վարձը, ես դրան դեմ եմ եղել: Այդ հարցն ուղղել եմ, սակայն մենք այդտեղ միջամտելու իրավասություն չունենք:
- Պարոն Նուշիկյան, մյուս կողմից` այսօր հայտարարվում է, որ Ռուսաստանը մեկ մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, այդտեղ ե՞ւս Դուք վտանգ չեք տեսնում:
- Վտանգ` ի՞նչ առումով: Ոչ միայն Ռուսաստանն է զենք վաճառում Ադրբեջանին, այլև շատ այլ պետություններ ևս: Եվ ես ընդհանրապես պատերազմի մեջ վտանգ տեսնում եմ: