Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Սեդրակյանի գործով  կայացած դատական քննության ժամանակ դատախազ Ամիրզադյանի միջնորդությամբ հետազոտվեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքը` ելնելով այն հանգամանքից, որ դատախազը էական հակասություններ էր նկատել դատաքննությանը տված ցուցմունքի և նախաքննականի միջև: Նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, որ Ամբաստանյալ Սեդրակյանը ամբաստանյալներ Հարությունյանին և Խաչատրյանին պատվիրել էր կրակոցի միջոցով վախեցնել  նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, իսկ այս գործը լավ ավարտելուց հետո հաջորդ «զոհերը» պետք է լինեին ՀՀ նախագահ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու փեսա Միքայել Մինասյանը: Մեջբերում նախաքննական ցուցմունքից` «Վարդանն ասաց, որ Միշիկի դեպքում մի քիչ դժվար կլինի, քանի որ նրա ախրանան մեծ է, իսկ Սաշիկին վախեցնելու համար պետք է պաժառ տայինք նրա մեքենան: Վարդանը նաև ասել էր, որ պետք է նաև ինչ որ թերթի խմբագրի վախեցնենք»:  Ամբաստանյալը նաև հայտնել էր, որ Վարդան Սեդրակյանը շատ փող ուներ, բայց նեղ շրջապատ, ինչի պատճառով էլ միայն իրեն և մյուս ամբաստանյալին էր վստահել այդ գործը: