Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խոսել է Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Տոբոլի» նկատմամբ հաղթանակի մասին։
«Միայնակ ոչինչ անել հնարավոր չէ։ Մենք աստիճանաբար թիմ ենք ստեղծում։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր դերն է ունենում և ինձ դուր է գալիս, որ գնալով լրագրողները նույնպես շատանում են։ Մենք ամեն ինչ վերլուծել էինք առաջին խաղից հետո։ Եվ ինչ-որ առումով գիտեինք, թե մրցակցից ինչ սպասել։ Տակտիկական փոփոխություններ արեցինք և ստացվեց։ Ես ուրախ եմ, որ տղաները կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը՝ առաջին խաղակեսում «Տոբոլին» թույլ չտալով արագ հակագրոհներ անցկացնել։ Կարծում եմ, որ երկրորդ խաղակեսում մենք բավականաչափ պահեր ունեինք, որպեսզի գոլեր խփենք։ Մեր թիմում խաղ են ստեղծում բոլորը՝ բոլոր աշխատակիցները։ Ոչ մի ֆուտբոլիստ կամ մարզիչ միայնակ ոչինչ չի կարող անել։ Այո, երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ խաղ ցուցադրեցինք։ Այո, փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները լավ խաղացին, բայց արդյունքը թիմն ապահովեց։ Ես կցանկանայի համալրումներ անել։ «Ալաշկերտից» և «Արցախից» կան ֆուտբոլիստներ, որոնց կցանկանայի «Փյունիկում» տեսնել։ Կա նաև ռուս եզրային պաշտպան՝ Սերգեյ Կոլիչևը, որի հետ ես աշխատելու փորձ ունեմ։ Գին-որակ համադրությամբ նա լավագույն տարբերակն է։ Ինձ ձախլիկ ֆուտբոլիստ է պետք և նա կարող է լինել այդ ֆուտբոլիստը»,- հետխաղյա ասուլիսում ասել է ռուս մասնագետը։
«Փյունիկը» հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի որակավորման երրորդ փուլ։
Երևանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղի միակ գոլը 82-րդ րոպեին խփեց Մոհամեդ Կոնատեն։
Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով: Հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։