Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրն ընդունել է գնման գործընթաց կազմակերպելու որոշում` սահմանելով, որ 2013 թ. պետբյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված պատմաճարտարապետական 11 հուշարձանի վերականգնման, մեկ հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։
Ցանկում տեղ են գտել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Լոռու մարզի Սանահինի վանքը, Կոտայքի մարզի Բջնո ամրոցը, Սյունիքի մարզի Որոտնավանքը և այլ հուշարձաններ։ «Կոնկրետ Սանահինում մեծածավալ աշխատանքներ են կատարվել, - հարցի առնչությամբ ասել է վարչապետը։ Գերմանական, իտալական, ֆրանսիական մասնագետներ են այցելել Սանահին, տվել իրենց մասնագիտական եզրակացությունները։ Ես տեսա, որ արդեն բավական մեծածավալ աշխատանք է կատարված»։
Վարչապետը հետաքրքրվել է, թե այս պահին Սանահինի հետ կապված ինչ հարցեր են մտահոգում հասարակական կազմակերպություններին։ Մտքերի փոխանակության ընթացքում պարզվել է, որ հանրությունը հաճախ թյուր պատկերացում է կազմում արվածի վերաբերյալ, քանի որ տեղեկության պակաս ունի։ Օրինակ` մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաներով հետազոտություն են արել և պարզել, որ հիմնական պատի հիմքն ամուր է, և փլուզման վտանգ չկա։
Հատկացված միջոցներով այս տարվա ընթացքում էական առաջընթաց կարող է արձանագրվել։ Վարչապետը ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուներին հանձնարարել է ավելի հաճախ շփվել հասարակական կազմակերպությունների հետ և նրանց փոխանցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների եզրակացությունները։