ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում՝ ի պշատպանություն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրան ու վանկարկում «Դավիթ, Դավիթ»:
Ցուցարարների ձեռքին կան պաստառներ. «Դավիթի տեղը Մասիսում է», «Ազատություն մեր քաղաքապետին»:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը քննում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:
Երևանում ցուցարարներին ծեծելու փաստով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանը, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանը, 30-ամյա Գոռ Խաչատրյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել:
Ավելի ուշ հուլիսի 7-ին, նոր մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին եւ նրանք կալանավորվել են:
Մասնավորապես, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն)՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության, իսկ եղբորը՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանության համար: Դատարանը որոշել է կալանավորել քաղաքապետին եւ նրա եղբորը։
Մասիսի քաղաքապետին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով՝ Երեւանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Համբարձումյանը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել էր նրան կալանավորելու՝ քննչական մարմնի միջնորդությունները: