ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը ներողություն է խնդրել այն խոսքի համար, որ եթե կարգավորում ենք ցանկանում, ստիպված ենք լինելու տարածքային զիջումների գնալ:

Այս հայտարարությունը նորություն չէ: 2014 թվականին Զոյա Թադեւոսյանը հարցազրույց էր տվել, հայտարարելով, որ Եվրասիական միություն մտնելով Ղարաբաղը կորցնում ենք առանց արյան, իսկ չմտնելու դեպքում կկորցնեինք արյունով:

Տարբերությունն այն է, որ 2014 թվականին այդ հայտարարություններին արձագանքն այդքան միանշանակ չէր, որքան հիմա: Կային մարդիկ, ովքեր համաձայն էին այդ կարծիքին, կային նաեւ նրանք, ովքեր դեմ էին: Ելնելով դրանից՝ 2016 թվականի աշնանը ՀԱԿ-ը գաղափարախոսություն էր նախապատրաստում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, առաջ քաշեց փոխզիջումային կարգավորման գաղափարը՝ որպես Հայաստանի զարգացման գրավական:

Կոնգրեսը բավարար ձայներ չստացավ եւ խորհրդարան չմտավ: Չնայած խորհրդարան մտած կուսակցությունները նույնպես երբեք չեն հայտարարել տարածքային զիջումներից հրաժարվելու մասին: Պարզապես ՀԱԿ-ի պես բացահայտ չէին անում:

2014 և 2017 թվականին ոչ ոք ներողություն չի խնդրել փոխզիջման համար՝ որպես Հայաստանի պահպանման ու զարգացման գին: 2018 թվականին Զոյա Թադեւոսյանը ներողություն է խնդրել, ինչը նշանակում է, որ զգացել է տարբերությունը:

Թադեւոսյանի հայտարարությունն արել է իր գործը: Գծվել է կարմիր գիծը, որը չեն կարող անցնել անգամ կոլաբորացիոնիստները: Բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ իշխող, ստիպված են լինելու ելնել այդ կարմիր գծից: Հավանաբար, հարկ կլինի պաշտոնապես գծել այն, որ արտաքին գործընկերները նույնպես կարողանան իմանալ ինչ լեզվով խոսել Հայաստանի հետ:

Դա կարեւոր է նաեւ ներքին գործընկերների համար: Օրինակ, ՀՀԿ-ն Քոչարյանի ու Խաչատուրովի ձերբակալության կապակցությամբ հայտարարել է, որ դա դիտարկում է «որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»:

ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ավելի անկեղծ էր. «Ոչ միայն Քոչարյանի, այլ նաև մեր ռազմական գործիչների վերաբերյալ, որոնք երկար տարիներ բավական հստակ ու աներկբա դիրքորոշում են ունեցել մեր և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, ինչ-որ տենդենց ես տեսնում եմ, որ կարծես առաջին հերթին այդ մարդկանց են մեղադրանք առաջադրում»:

Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են իրենց «կարմիր գծի» մասին: Օրինակ, Դավիթ Տոնոյանը նշեկ է, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին, եւ որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանել հաղթանակները:

Խոսելով այն մասին, որ իր որդին կամավոր ծառայելու է Արցախում՝ Փաշինյանն ասել է, որ դա խաղաղասիրական ժեստ է, քանի որ դա նշանակում է, որ ոչինչ չի խնայելու իր ժողովրդին, երկիրը պաշտպանելու համար: Մենք պատերազմ չենք ուզում, բայց մենք կպատերազմենք, եթե Ադրբեջանը հարձակվի, պատերազմ սկսի, ասել է Փաշինյանը:

Օգոստոսի 17-ին կգծվի՞ կարմիր գիծը: Թե Զոյա Թադեւոսյանի կազմակերպած «հանրաքվեն» բավարար էր:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am