Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի պատասխանը Ֆրանսիայի քաղաքացի Արծրունի Ավետիսյանին Ա. Ավետիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հարցադրումներ էր հղել Հմայակ Հովհաննիսյանին: Մասնավորապես` նրան հետաքրքրում էին Հ. Հովհաննիսյանի տեսակետները հետևյալ հարցադրումների վերաբերյալ. «Ինձ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը, արդյո՞ք, թեկուզ հեռավոր ապագայում, Դուք տեսնում եք որևէ հնարավորություն, եթե` այո, ապա ինչպե՞ս, որ մեր Հայրենիքում վերջապես հաստատվի օրինական և ազգընտիր իշխանություն»: «Հարգելի պարոն Ավետիսյան, մենք երբևէ չենք շփվել facebook-ից դուրս, անձնական ծանոթություն չունենք, սակայն մեզ միավորում, ընդհանրական մի բռունցք է դարձնում բոլոր հայորդիներին այսօր համակած խորը տագնապը մեր Հայրենիքի ներկայի և ապագայի համար: Մեր սրտերում արմատավորվել են մտատանջանքն ու ցավը, քանզի գիտակցում ենք ներկայի և ապագայի միջև այն անքակտելի կապը, որի մասին Նոր Կտակարանում այդքան պատկերավոր է արտահայտվել մեր Տերը. լավ ծառը տալիս է լավ պտուղներ, վատ ծառը տալիս է վատ պտուղներ: Այստեղից հետևություն. եթե մենք հենց այսօր, վաղը և մյուս օրը չցանենք բարի սերմեր, ոչ մերձավոր, ոչ էլ հեռավոր ապագայում չենք ստանա բարի պտուղներ, չենք ունենա հայության կենսական շահերի պաշտպանությունը երաշխավորող հզոր ազգային պետություն: Կարող եմ ենթադրել, որ Դուք` Երևանում ծնված հայրենասեր մարդ, լավ կյանքից չէ, որ տեղափոխվել եք Փարիզ և այսօր ապրում եք բարեկամ երկրում, բայց ոչ Հայրենիքում: Այդ ինչպե՞ս եղավ, որ պետական անկախություն ստանալուց հետո մենք բախվեցինք նոր սփյուռքի հոծ զանգվածների ի հայտ գալու դառը իրողության հետ: Այդ ինչպե՞ս եղավ, որ հետանկախական տարիների նոր պանդուխտներն իրենց թվաքանակով գերազանցեցին Հայոց Մեծ եղեռնից հետո առաջացած հին սփյուռքին: Ասել, որ մենք ճիշտ ժամանակին չենք կանխատեսել, չենք բարձրաձայնել այս վերահաս աղետի վտանգը, ճշմարտության դեմ մեղանչել է նշանակում: Դեռ 1991թ. օգոստոսին ես հայաստանյան և սփյուռքյան պարբերականներում (մասնավորապես` «Դրոշակում») հրապարակեցի «Ուր գնալ և ինչպես գնալ» իմ ծրագրային հոդվածաշարը, որտեղ երկրի նորելուկ ղեկավարներին նախազգուշացնում էի ազգի գենոֆոնդի պահպանման հարցում իրենց գերագույն պատասխանատվության մասին, առաջարկում էի արդյունավետ և շրջահայաց բարեփոխումների հիմնավոր ծրագիր: Ավաղ, իմ սթափության կոչերն առ այն, որ մի իրավիճակում, երբ Ցեղասպանության պատճառով առաջացած պատմական սփյուռքն անխուսափելիորեն մագնիսի նման ձգելու է բարեփոխումների սոցիալական բարձր գնից դժգոհ մեր հայրենակիցներին, որ այդ պայմաններում անհրաժեշտ է ամեն ինչ անել բարեփոխումների սոցիալական գինը նվազագույնի հասցնելու համար, անտեսվեցին: Ամենասարսափելին այն է, որ անտեսվեց նաև իմ առաջարկությունը` Ռուսաստանից փոխառված վաուչերային սեփականաշնորհման փոխարեն` տնտեսության ապապետականացման գնալ մեր սեփական՝ հայկական ճանապարհով, սեփականությունը բաշխելով քաղաքացիներին ոչ թե վաուչերներով, ինչը բերեց բազմաթիվ և աղաղակող չարաշահումների, այլ խնայողական դրամարկղերում կուտակված և մարդկանց ազնիվ քրտինքով վաստակած խնայողական ավանդների դիմաց: Եթե հաշվի առնենք, որ խորհրդային տարիներին ավանդադրված գումարների մեկ շնչին ընկնող գումարի չափով Հայաստանը զբաղեցնում էր Խորհրդային Միության հանրապետությունների մեջ առաջին տեղը, ապա հասկանալի է, որ պետական ունեցվածքի վաուչերային փոշիացումն անհնարին դարձրեց դրանք քաղաքացիներին վերադարձնելու հնարավորությունը: Միաժամանակ հնարավոր դարձավ ընտրություններից ընտրություն այդ ցավոտ, ողբերգական հարցի շահարկումն այն նույն քաղաքական աճպարարների կողմից, ովքեր ժամանակին փրփուրը բերաններին հանդես էին գալիս վաուչերային սեփականաշնորհման ջատագովների դերում: Հարգելի Արծրունի, Դուք հնարավոր է` տարակուսեք, թե ինչու եմ ես խոսում այս մասին, եթե Ձեր հարցը շատ հստակ է և վերաբերում է Հայրենիքում օրինական և ազգընտիր իշխանության ձևավորման հեռանկարին: Կփորձեմ փարատել Ձեր հնարավոր տարակուսանքը: Բանն այն է, որ մեզանում ձևավորված և ընտրությունից ընտրություն ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվող անօրինական իշխանության հիմքում ընկած են հարստության կուտակման ոչ լեգիտիմ այն մեխանիզմները, որոնք ի հայտ եկան սկզբից վաուչերային սեփականաշնորհման, իսկ հետագայում նաև հանցավոր տնտեսական մենաշնորհների ձևավորման տեսքով: Լիբերալիզմի հայտնի այն սկզբունքը, թե ազատ շուկաները ծնում են ազատ մարդկանց, ունի նաև այն իմաստը, որ մենաշնորհացած շուկաները ծնում են թշվառ և հնազանդ ստրուկների: Առաջացել է արատավոր շրջան. մենաշնորհների վրա հիմնված քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգն ընտրակաշառքների միջոցով վերարտադրում է անօրինական ոչ լեգիտիմ իշխանությանը, որն իր հերթին` երաշխավորում է այդ համակարգի հետագա գոյատևումն ու զարգացումը: Հասկանալի է, որ այդ արատավոր շրջանը հնարավոր չէ ճեղքել այլ կերպ, քան արմատական վիրահատական լուծումներով: Ինչպես քաղցկեղի դեպքում, հետաձգելով վիրահատությունը, վատթարացվում է հիվանդի վիճակը և նվազում է ապաքինման հնարավորությունը, այնպես էլ այս դեպքում հարցի լուծման հետաձգումը կարող է ունենալ մեր պետության համար կործանարար հետևանքներ: Հայրենիքը վտանգի մեջ է: Փխրուն զինադադարը ցանկացած պահի կարող է ընդհատվել: Ադրբեջանի առավելությունները ոչ միայն ժամանակակից զինատեսակների պաշարների, այլ նաև կենդանի ուժի գերակայության առումով, այնքան մեծ են, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում անխուսափելի են դարձնում մեզանում համընդհանուր զորակոչը: Պատմական փորձը ցույց է տալիս, որ միայն քաղաքացիների լիարժեք վստահությունը վայելող, ազգընտիր իշխանությունն է ունակ կազմակերպելու համընդհանուր զորակոչ և հաղթելու ռեսուրսների շոշափելի անհավասարության պայմաններում: Իհարկե, տեսականորեն արդյունավետ «վիրահատողի» դերում կարելի է պատկերացնել ոչ թե «խելագարված ամբոխների» ձեռքերի վրա իշխանության հասած ժողովրդական վարչակազմը, այլ հենց գործող նախագահին: Չէ՞ որ առջևում Սերժ Սարգսյանի իշխանավարության երկրորդ և վերջին ժամկետն է: Պատմությունը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում երբեմն պատվախնդրությունը ստիպում է նույնիսկ ամենադաժան, ամենաբռնապետական ռեժիմների պարագլուխներին իրենց իշխանավարության ավարտական փուլում ձևավորել ժողովրդավարական իրավական պետության զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ: Ամենացայտուն օրինակը կարող է հանդիսանալ Ֆրանկոն Իսպանիայում, ով, գիտակցելով ժամանակի հրամայականը, գնաց հենց այդ ճանապարհով: Սակայն մեր իրականության մեջ այդպիսի զարգացումների հավանականությունը ես համարում եմ, եթե ոչ` զրոյական, ապա` հաստատ չափազանց փոքր: Դա չի նշանակում, հարգելի Արծրունի, որ մենք պետք է հուսահատվենք՝ ավելացնելով արտագաղթողների թիվը: Որքան էլ ծանր լինի, որքան էլ դժվար լինի դիմակայել մեզ վիճակված փորձություններին, մեզ մաշեցնող անարդարություններին, մեր մեջքի ետևում Աստվածատուր Հայրենիքն է, որը, եթե հուսահատվենք և ոչինչ չանենք, մեկընդմիշտ կկորցնենք: Ուրեմն պետք է ոտքի հանենք բոլորին Հայրենիքում և Սփյուռքում, ստիպելով Գերագույն Գլխավոր Հրամանատարին, ով էլ դա լինի, ստանձնելու արդյունավետ վիրաբույժի առաքելությունը: Ֆրանսիայի մեծ փիլիսոփա և գրող Ալբեր Քամյուն իր «Սիզիֆոսի առասպելը» հայտնի էսսեում կարծես նկարագրել է մեր ազգի ճակատագիրը: Սիզիֆոսը դատապարտված է աստվածների կողմից բարձրացնել սարի կատար մի ահռելի չափսերի քար: Ամեն անգամ, երբ նա մեծագույն ճիգերի գործադրմամբ հասցնում է քարը վերև, աստվածների կամոք` քարը գլորվելով գահավիժում է ցած: Սիզիֆոսը նորից և նորից ճգնելով` կատարում է նույն գործողությունը, և նորից ու նորից աստվածները դաժանաբար, անողոքաբար ջնջում են նրա վիթխարի ջանքերի արդյունքը: Բայց Սիզիֆոսը չի վհատվում, շարունակում է իր տաժանակիր գործը, քանզի աստվածների վճռով միայն այդ վիթխարի քարը տեղադրելով սարի կատարին, նա կարող է նվաճել ամենաթանկ պարգևը՝ ազատությունը: Քամյուն հիանում է Սիզիֆոսի տոկունությամբ, համբերությամբ ու համառությամբ: Սիզիֆոսը հաղթում է աստվածներին` նորից ու նորից մերկացնելով նրանց անարդարությունը, նենգությունը, անազնվությունն ու չարամտությունը: Մեր ազգի ճակատագիրն իսկապես նման է Սիզիֆոսի ճակատագրին: Իսկ յուրաքանչյուր հայ հայրենասերի ճակատագիրը չի կարող էապես տարբերվել ազգի ճակատագրից: Ուրեմն անմռունչ կրենք մեր խաչը` բացահայտելով քաղաքական Օլիմպոսում հայտնվածների չարությունն ու դաժանությունը: Այնքան ժամանակ, մինչև նրանք իրենց չարության և դաժանության ծանրության տակ Օլիմպոսի բարձունքից կգահավիժեն անդունդգ»: ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ