Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է մարտի 1-ի գործին եւ մի շարք բացահայտումներ արել, մասնավորապես 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակության մասով:

Այսօր Վերաքննիչ դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը խափանման միջոցը փոխելու մասին: Բացի այդ, պաշտպաններն այսօր մամուլի ասուլիս են տալու:

Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանն, իր կարծիքով, հիմնավոր փաստերի ու ապացույցների առկայությամբ չի փոխի Քոչարյանի խափանման միջոցը: Նա ասել է նաեւ, թե ինչու չի կարելի փոխել խափանման միջոցը՝ ազատության մեջ հայտնվելով՝ Քոչարյանը, ով մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը, քանի որ ունի կայուն սոցիալական կապեր ու հեղինակություն որոշակի շրջանակներում:

Նա որոշ մանրամասներ է հաղորդել 0038 հրամանից, որը դրված է Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներին ներկայացված Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հիմքում: Հրամանը վերաբերվում է բանակը ներքին քաղաքական իրադարձություններին ներգրավելուն:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է նաեւ, որ երեկ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին: Նա նշել է, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա՝ Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում կայացնելու համար:

Հատկանշական է, որ Արմեն Գեւորգյանին, ով առանցքային դերակատարություն ուներ Քոչարյանի իշխանական բուրգում, մեղադրանք է առաջադրվում Վերաքննիչ դատարանում այսօրվա քննության նախօրեին: Բանն այն է, որ Քոչարյանի պաշտպանության փաստարկներից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը 2008-ի նախագահական ընտրությանը չէր հաղթել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է նրա աշխատակազմի ղեկավարը ճնշում գործադրել ՍԴ դատավորի վրա՝ իշխանական թեկնածուի օգտին որոշում կայացնելու համար:

Այսպիսով, Սասուն Խաչատրյանի հարցազրույցը կարելի է համարել «կանխարգելիչ» քայլ մի իրավիճակում, երբ ԱԺ 4 տասնյակից ավելի պատգամավորներ ստորագրահավաք են արել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով, եւ այսօր վերաքննիչ դատարանը քննելու է նրա պաշտպանների բողոքը: