Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ իրականացնեին թշնամու թիկունքում: Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հույժ գաղտնի 0038 հրամանին, որով զորքերը զորանոցային վիճակի են բերվել:
Սասուն Խաչատրյանի խոսքով՝ զինված ուժերը ներքաղաքական խնդիրների լուծման նպատակով օգտագործելով՝ կատարվել է սահմանադրական կարգի տապալում, ինչի մեջ էլ մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ ՀՔԾ պետի՝ պատահական չէ, որ Մարտի 1-ի քրեական գործում այս հրամանը չի եղել: «Որովհետեւ այս հրամանն ինքնին մեղադրանքի շատ կուռ, շատ ամուր հիմք է: Միայն այս հրամանը խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում՝ դրանք ներգրավվել են ոչ թե մարտի 1-ին, ինչպես իշխանություններն էին պնդում, երբ արդեն իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին»,- վստահեցնում է Սասուն Խաչատրյանը:
Նրա պնդմամբ՝ այդ հրամանով փետրվարի 23-ից զինված ուժերի ամբողջ անձնակազմը ժամը 18:00-ից զորանոցային վիճակի է բերվել, առանձին բաժիններում ստեղծվել են առանձին սպայական խմբեր, որոնք զինվել են տաբելային զինատեսակներով: Այդ պարտականությունները, Խաչատրյանի խոսքով, դրված են եղել գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի վրա, իսկ հրամանը ստորագրել է Միքայել Հարությունյանը:
Սասուն Խաչատրյանը տարակուսել է, որ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները, իմանալով այս հրամանի մասին, հայտարարում են, որ զորքերը զորանոցներում էին մնալու. «0038 հրամանի առգրավումից եւ այն գաղտնազերծելուց հետո, երբ կատարեցին քննություն, արդեն այս նյութերն էլ տրամադրվեցին պաշտպանական կողմին, քանի որ չէինք կարող չտրամադրել, որովհետեւ երբ կալանքի միջնորդություն ենք ներկայացնում դատարան, նաեւ ներկայացնում ենք հիմքերը, եւ Վերաքննիչ դատարանն էլ ունի այս հիմքերը, որտեղից էլ գալիս է իմ համոզվածությունը, որ դատարանը ճիշտ գնահատական կտա ե՛ւ հիմնավոր կասկածին, ե՛ւ հիմքերին: Փաստորեն՝ հերքում էին, բայց հիմա նրանք էլ գիտեն, որ մեր ձեռքի տակ կա այս ապացույցը»:
ՀՔԾ պետի տեղեկացմամբ՝ նույն՝ 0038 հրամանի 3-րդ կետով նախատեսված է եղել ստեղծված բարձր շարժունակության ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով եւ ենթասպաներով, նրանց կազմակերպել ըստ դասակների, յուրաքանչյուրը՝ 30 հոգի, եւ զինել հրաձգային զենքերով. «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ իրականացնեին թշնամու թիկունքում»:
Սասուն Խաչատրյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող իմանալ՝ այդ զենքերը կրակվել են, թե՞ չեն կրակվել: «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ զենքերը չեն կրակել. քրեական գործով կատարված դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ դեպքի վայրից առգրավվել են 1700 հատից ավելի պարկուճներ, դրանցից իդենտիֆիկացնել են մոտ 1400-ը, մոտ 300 պարկուճներ չեն իդենտիֆիկացվել: Շատ դժվար է լինելու 10 տարի անց դրանք իդենտիֆիկացնելը: Այս 10 տարիների ընթացքում հազարավոր զենքեր խոտանվել են»,- նշել է ՀՔԾ պետը՝ հույս հայտնելով, որ կարողանան գտնել սպանությունները կատարած անձանց: